Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս որոշումը մենք կայացրել ենք երկար քննարկումների արդյունքում:
2022-ի Կառավարության վերջին նիստին գործադիրը հաստատեց՝ Հայաստանը գործընթաց է սկսել ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ: Առանց այդ փաստաթղթի վավերացման Հայաստանը չի կարող դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային իրավական քննության առարկա դարձնելու համար։
Տարոն Սիմոնյան (իրավաբան) - Պետք է համարենք անհրաժեշտ քայլերից մեկը, որի մասին 10 տարուց ավելի է խոսում ենք, դա անհրաժեշտություն է, և 1 տարի առաջ, 1 օր առաջ դա պետք է արվեր, հատկապես որ մենք պարբերաբար առերեսվում ենք Ադրբեջանի ագրեսիային: Դա անհրաժեշտ, նաև ուշացած քայլ է:
Գուրգեն Պետրոսյան (Friedrich-Alexander Erlangen-Nürnberg համալսարանի դոցենտ, հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ) - Անհրաժեշտ էր քաղաքական այս որոշումը ավելի վաղ սկսել, որ ՀՀ-ն ունենար պաշտպանվածություն քաղաքական և իրավական առումով:
Ցեղասպանություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, ագրեսիայի ակտեր՝ Միջազգային քրեական դատարանի իրավասության շրջանակում այսպիսի ծանր դեպքերի քննությունն է: Միջազգային քրեական դատարանը քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային մարմինն է, որի ստեղծման անհրաժեշտությունը կարևորվել է տասնամյակներ շարունակ: Սակայն միայն 1998 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո Հռոմում հրավիրված դիվանագիտական խորհրդաժողովին ձեռք բերվեց պատմական համաձայնություն՝ ստորագրվեց Հռոմի կանոնադրությունը, որը դարձավ իրավական հիմք Միջազգային քրեական դատարանի ստեղծման համար։ Հայաստանն այդ ստատուտը ստորագրել է 1999 թվականին, սակայն 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը այն ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը հակասող։
Տարոն Սիմոնյան - 2004-ին հակասահմանադրականությունը պայմանավորված էր նրանով, որ այն դիտարկվել էր հավելյալ ատյան, նաև ներման իրավունքն էր բացառում, որը մեր Սահմանադրությունը տալիս է անգամ ցեղասպան հանցագործությունների դեպքում: Անցել է 19 տարի, և սահմանադրական այդ հոդվածների մեկնաբանությունը ևս փոխվել է, կենդանի օրգանիզմն է, ու կյանքի փոփոխության հետ մեկտեղ մեկնաբանությունը փոխվում է:
2005 և 2015 թվականներին Հայաստանի Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել, Կառավարությունը կրկին է դիմելու գերագույն ատյան՝ հարցը քննելու:
Նիկոլ Փաշինյան - ՍԴ-ն Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշի, որովհետև իսկապես երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, ու, մեր դիտարկումներով՝ այլևս նախկինում գոյություն ունեցած խոչընդոտները գոյություն չունեն:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ գործիքակազմին ներգրավվելու ենք, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները արդեն միջազգային ատյանները կարողանան քննեն, և, անկախ նրանից, թե հակառակ կողմը այդ պայմանագրի անդա՞մ է, թե՞ ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել:
Ի դեպ, Հայաստանը նախատեսում է կանոնադրությունը վավերացնել հետադարձ ուժով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։
Տարոն Սիմոնյան - Օրինակ՝ մայիսյան դեպքերի հետ կապված, 2022-ի սեպտեմբերյան դեպքերի հետ կապված: Նրանց հրամատարական անձնակազմի հրաման արձակած բոլոր անձանց նկատմամբ՝ նախագահից հասարակ զինվոր, ընկնում են իրավազորության տակ, անկախ նրանից, Ադրբեջանը անդա՞մ է, թե՞ ոչ, պարտավորված են լինում ենթարկվել:
Եթե անգամ Ադրբեջանից զինվոր ոտք չի դրել Հայաստանի տարածք, բայց ռումբ է ընկել Հայաստանում, ապա ռումբ գցողը, հրաման տվողը ենթակա են պատժի:
Գուրգեն Պետրոսյան - Հայաստանը հայց չի ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ, սա պետությունների մեջ հայց չէ, այլ հանցագործությունները կատարողների: Սա հնարավորություն է իրավական այլ հարթակում ենթարկել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները պատասխանատվության:
Գործընթացները բավական մեծ քաղաքական գործընթացներ են, որոնք հնարավորություն կտան նաև կիրառել բանակցությունների ընթացքում:
Հռոմի ստատուտը վավերացումից հետո արդեն Միջազգային քրեական դատարանը Հայաստանի հայցի հիման վրա կսկսի նախաքննության, հետաքննության, դատավարության գործընթացները՝ հերթով: Պրոցեսը երկարատև է, բայց դա նորմալ է: Մեր պատերազմական հանցագործություններն ապացուցելու փաստերը շատ են՝ ընդգծում է Տարոն Սիմոնյանը:
Տարոն Սիմոնյան - Անգամ նույնականացվել են անձինք, որոնք կատարել են հանցագործությունները, հնարավորություն ունենք, այլ պետություններում քրեական հետապնդման կարող են ենթարկվել:
Այս պահին էլ է որոշ զինվորականների նույնականացման գործընթացը շարունակվում՝ ավելացնում է Սիմոնյանը: 1-2 տարում ադրբեջանցի բոլոր հանցագործ զինվորականներին Հաագայի դատարանում գուցե չտեսնենք, բայց պրոցեսի մեկնարկը արդեն զսպող ևս մեկ գործիք կլինի:
Պրոցեսը ևս զսպող գործիք է, և ներգրավված լինելը կոնկրետ խնդիր է ռազմական ղեկավարների համար:
2002 թ.-ից գործող դատարանում այս պահին ուժի մեջ մտած 5 դատավճիռ կա՝ մանրամասնում է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
Գուրգեն Պետրոսյան - Դա վերաբերում է Կոնգոյում, Կենտրոնական Աֆրիկայում, Ուգանդայում տեղի ունեցած հանցագործություններին, այսօր քննում է Վրաստանի դեպքը, կան կալանքի որոշումներ 2 անձի վերաբերյալ Ռուսաստանից, կան կալանքի այլ որոշումներ, անձինք կան, գտնվում են հետախուզման մեջ, 46 անձի նկատմամբ իրավաբանական գործընթաց է ընթանում, կան պետություններ, որ հետաքննության են ենթարկվում:
Ինչպես ՄԻԵԴ-ի որոշումների դեպքում, այս դեպքում էլ Ադրբեջանը կարող է փորձել ձգձգել դատարանի վճռի կատարումը: Բայց Ադրբեջանի այդ գործելաոճը չպետք է պատճառ դառնա միջազգային իրավական գործիքակազմի լիարժեք կիրարկումից հրաժարվելու համար:
Տարոն Սիմոնյան - Ադրբեջանը ՄԻԵԴ-ի որոշումների կեսից ավելին չի կատարում, բայց սա ազդում է հեղինակության վրա:
Գուրգեն Պետրոսյան - Կարևոր է, որ դատավարությանը տուժող կողմը կարող է մասնակցել, որը լայն իրավունքներ է ունենալու, հարցեր տալու, ապացույցներ ներկայացնելու, պատժամիջոցը լինելու է դատավճիռ ազատազրկման տեսքով, տուժող կողմն էլ վնասի հատուցում է ստանալու, Քրեական դատարանը նախատեսում է նաև ցմահ ազատազրկում:
Դատարանի ամբողջ գործընթացը՝ նախաքննությունից մինչև վճռի կատարում, հիմնված է անդամ երկրների համագործակցության վրա:
Գուրգեն Պետրոսյան - Այսպիսով, մենք ունենալու ենք 123 պետություն, որոնք աջակցելու են մեզ: Այն բոլոր անդամ պետությունները իրենց ոստիկանական, դատախազական գործիքակազմով պարտավորվում են հայտնաբերել անձանց, որոնք գտնվում են հետաքննության մեջ, և հայտնաբերելու դեպքում ներկայացնել դատարան:
Այդպիսի նախադեպ էլ է եղել. փորձագետը Սերբիայի օրինակն է ներկայացնում:
Գուրգեն Պետրոսյան - Սերբիան, երբ 2 պատերազմական հանցագործի ապաստան էր տվել, ԵՄ իշխանությունները Սերբիայից պահանջում էին տրամադրել այդ անձանց միջազգային տրիբունալին, ԵՄ-ը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ճնշումներ էր իրականացնում Սերբիայի նկատմամբ: Այսպիսով, քաղաքական այդ գործընթացները բավական ծանրակշիռ են, և որոշումները անհերքելի են ու գոյություն են ունենալու, մինչև տվյալ անձինք չհասնեն դատարան:
Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում Հռոմի ստատուտի վերաբերյալ համապատասխան օրինագիծ պետք է ընդունի նաև Ազգային ժողովը, ինչից հետո արդեն կհամարվի Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան