Դեկտեմբերի 12-ից Արցախը փաստացի շրջափակման մեջ է: Ադրբեջանցի կեղծ բնապահպանները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Չի ներկրվում ոչ մի ապրանք, իսկ տեղական արտադրության ծավալները փոքր են:
Նոնա Ավագյան (վաճառողուհի) - Ստանում ենք հաց, լավաշ, մեկ էլ կաթնամթերք:
Միրգ-բանջարեղենի խանութները կամ փակ են, կամ բաց՝ դատարկ արկղերով: Առաջին անհրաժեշտության պարագաների համար մարդիկ Ստեփանակերտում ժամերով հերթ են կանգնում: Առևտրի կետերը մի քանի անգամ պետպահուստից ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն ու ձավարեղեն են ստացել:
Նոնա Ավագյան - Մեկ կիլոգրամով բաժանել ենք, որպեսզի բոլորին հասնի, ինչքան հնարավոր է՝ բոլորին հասնի:
Բլորին չի հասնում, քանի որ Արցախում պարենի, վառելիքի և դեղորայքի մեծ դեֆիցիտ կա: Պատկերը նույնն է նաև շրջաններում: Կարմիր շուկա համայնքում ասում են՝ շատ դեպքերում մարդիկ խուճապից են մեծ գնումներ արել ու դեֆիցիտ ստեղծել:
Անգելինա Փարամազյան (վաճառողուհի) - Ընտանիք կա, որ շատ է գնել, ընտանիք կա, որ չկա՝ տանք:
Շուկայում կայունություն և հավասարություն պահպանելու նպատակով պետպահուստից խանունթներին ապրանքների մատակարարումը համակարգում է Արցախի գյուղատնտեսության նախարարությունը:
Հրանտ Սաֆարյան (Արցախի գյուղատնտեսության նախարար) - Առաքիչների միջոցով փորձել ենք տրամադրել, առաքիչները խանութներին տանում են, տրամադրում են որոշակի քանակությամբ: Այն խանութները, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ այդ խանութներին չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որոնք չեն ստացել:
Ալյուրի, ձեթի և մսի հարցում Արցախն ինքնաբավ է՝ ասում է Արցախի նորանշանակ գյուղնախարար Հրանտ Սաֆարյանը: Այնուամենայնիվ կարծում է, որ ճիշտը պարենի համար կտրոնային համակարգ ունենալն է: Այս ուղղությամբ կառավարության օպերատիվ շտաբի հետ աշխատում են:
Հրանտ Սաֆարյան - Յուրաքանչյուր մարդ, որ լինում է աշխատանքի, աշխատանքից հետո ինքը չշտապի, գնա ասի՝ կարող է ինձ հերթ չհասնի, գնամ՝ վերջացած լինի: Պետք է ինքը ունենա իր տալոնը և կարողանա համապատասխան ապրանքը ձեռք բերել:
Իրավիճակը շտկելու համար գյուղերում առաջնորդվում են «քիչ, բայց ամենքին» սկզբունքով: Համայնքապետները ցուցակներ են կազմում, թե որ թաղամասի բնակիչները որ խանութից պետք է պարեն ստանան:
Էլմիրա Շահրամանյան (վաճառողուհի) - Ստացել ենք պեսոկ, մեկ էլ բրինձ՝ մի-մի մեշոկով ու բաժանել ենք: Սա էլ ցուցակն է, գրել եմ, որպեսզի հասկանամ, որ այսքան մարդու ես տվել եմ, որպեսզի ոչ մեկը չնեղանա, համ էլ իմանան, որ այստեղ ջոկողություն չկա, բոլորին էլ հասնում է:
Արցախը Հայաստանին կապող միջանցքի փակ լինելու պատճառով հարյուրավոր ընտանիքներ կիսված են: Երեք երեխայի հետ Դոնարան Նոր տարին դիմավորել է առանց ամուսնու: Փոքրիկ Մարկի ծննդից օրեր անց Վարդանը բեռնատարով մեկնել է Երևան, որ խանութի համար ապրանք ներկրի:
Դոնարա Պողոսյան (Կարմիր շուկա համայնքի բնակիչ) - Երկու օր է՝ արդեն հետ է գնաց Գորիս, մնաց հյուրանոցում: Դե բայց մեքենայի մեջ էր քնում, արթնանում այն հույսով, որ կվերադառնա տուն:
Դեկտեմբերի 12-ից Արցախի բժշկական հաստատություններով հետաձգվել են բոլոր պլանային վիրահատությունները: 11 ծայրահեղ ծանր դեպքում առողջապահության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հիվանդներին տեղափոխել է Երևան:
Մհեր Մուսայելյան (Ստեփանակերտի հանրապետական ԲԿ տնօրեն) - Այդ 11 հիվանդներին, որոնք մենք ուղարկել ենք, իհարկե կապը կա: Հետևաբար, մենք հետագայում հսկում ենք և գիտենք՝ ինչ վիճակում ենք: Մենք գիտենք, որ մեկը վիրահատվել է, տուն են տեղափոխել, մյուս հիվանդը, որն ուղարկել ենք, դուրս է գրվել, Երևանում տանն է: Այն մյուս հիվանդների բուժական պրոցեսի ընթացքին հետևում ենք, և կապը կա համապատասխան կլինիկաների տնօրենների հետ, վերահսկում ենք:
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակը կայուն է, կա դրական դինամիկա, ասում է բուժմիավորման տնօրենը: Սակայն մտահոգ է, որ երկարատև շրջափակման պայմաններում դեղորայքի սղություն կարող է առաջանալ:
Կարեն Մելքումյան (Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն) - Այս պահի դրությամբ թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ, թե՛ առողջապահության նախարարության պահեստից մենք ստանում ենք որոշակի դեղորայք, որը քիչ է, բայց այս պահին մեզ բավարարում է ստացիոնարում բուժվող երեխաների համար:
Պարենի պակասով պայմանավորված՝ Արցախի բոլոր մանկապարտեզներն ու նախադպրոցական բաժինները հունվարի 9-ից մեկ շաբաթով չեն գործի: Միջանցքի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի աշակերտները և ուսանողները կրթություն կստանան այնտեղ, որտեղ իջևանել են:
Հասմիկ Մինասյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - ՀՀ մեր գործընկերների հետ, այսինքն՝ ԿԳՄՍ նախարարության հետ այժմ մենք քննարկում ենք նրանց ուսումնառության շարունակության հնարավորությունը դպրոցներում և քոլեջներում: Իհարկե նախարարությունը պատրաստակամ է այդ հարցում մեզ օգնել:
Սննդամթերքի բացակայության պատճառով Արցախի մի շարք դպրոցներում ևս երեխաներին սնունդ չեն տա, բայց պարապմունքներ կլինեն: