Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարը տեսախցիկների օգնությամբ 24/7 ռեժիմով հետևում է շինաշխատանքներին: ԱՆ մինչև 2026 թթ. նախատեսել է կառուցել-վերակառուցել 50 բուժհաստատություն:
Երվանդ Էլիբեկյան (ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն) - Մի մասը՝ 20-ը, ԲԿ-ներ են, 20-ը՝ բուժամբուլատորիաներ, 10-ը պոլիկլինիկաներ են լինելու և ՀՎԿԱԿ-ի 2 մասնաճյուղ:
Վերջին երկու տարում մեկնարկել ու ընթանում են 13 ԲԿ-ների վերակառուցման կամ կառուցման աշխատանքները:
Երվանդ Էլիբեկյան - Աննախադեպ ծրագիր է վերջին տարիների համար, մոտավորապես արդեն ունենք 23 մլրդ դրամի կնքված պայմանագրեր:
13 ԲԿ-ներից 7-ը կառուցվում են, 6-ը՝ վերակառուցվում:
Երվանդ Էլիբեկյան - Շինարարություններից 2-ը Երևանում են իրականացվում՝ ՀԱՊԱԿ-ի վերակառուցման և Ինֆեկցիոն ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներն են:
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2021-ին: Արդեն շահագործվում է խոհանոցային մասնաշենքը: 2023-ին պատրաստ կլինի նաև առաջին մասնաշենքը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Արժանապատիվ կերպով բուժօգնություն ստանալը մեր գլխավոր նպատակներից է, կենցաղային պայմանները բարելավելը առաջնահերթ է:
Միայն 50 բուժկենտրոնի շինարարության համար նախնական հաշվարկով 50 մլրդ-ից ավելի գումար կծախսվի:
Երվանդ Էլիբեկյան - Հաջորդ տարի նախատեսում ենք ավարտին հասցնել Մարտունու ԲԿ-ն և շահագործման հանձնել:
Մարտունիում շինարարությունը եռում է, աշխատանքները կավարտեն և նոր բուժհիմնարկը շահագործման կհանձնեն գարնանը:
Արմեն Ստեփանյան (Մարտունու ԲԿ շինարարության պետ) - Ներկա պահին կատարվում են արտաքին պատերի երեսպատման աշխատանքները, տանիքի ծածկման աշխատանքները, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքները: Զուգահեռ բոլոր ուղղություններով աշխատում ենք:
2023-ին կավարտվի նաև Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Ծաղկահովտի առողջության կենտրոնի կառուցումը: Մյուս տարի կմեկնարկի ևս երեքի շինարարությունը:
Երվանդ Էլիբեկյան - Մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, պետական բյուջեի շրջանակներում է իրականացվում, Վայոց ձորի և Մարտունու ԲԿ-ներն իրականացվում են Համաշխարհային բանկի վարկային միջոցներով:
20 ամբուլատորիայի կառուցման համար էլ հստակեցնում են համայնքներն ու հողհատկացման հարցերն են լուծում:
Անահիտ Ավանեսյան - Այս տեմպը պիտի պահպանենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում մեր ենթակառուցվածքները համապատասխանեն բոլոր չափանիշներին: Ենթակառուցվածքներ, բուժաշխատողներ, սարքեր-սարքավորումներ և, իհարկե, բուժման ուղեցույցներ՝ սրանք բարելավելու դեպքում կունենանք որակյալ բուժօգնություն մեր երկրում:
Գրեթե բոլոր մարզերում շինարարություններ են նախատեսված: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ 2026-ին՝ աշխատանքների ավարտին, չենք ունենա վատ պայմաններով մարզային բժշկական հաստատություն: