ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ
Միացյալ Նահանգները մտահոգ է, որ Լաչինի միջանցքը արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է. դա հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում՝ Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը.
«Շնորհակալ ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն` այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար: Կոչ ենք անում Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքով երթևեկությունը»:
ԻՆՉՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՔԱՆ ԼՈՒՌ. ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պետեր վան Դալենը: Թվիթերի միկրոբլոգում նա հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում հումանիտար ճգնաժամի մասին BBC-ի նյութը և կոչ արել Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել: Պետեր վան Դալենը նաև հարց է ուղղել՝ «ինչո՞ւ է Եվրամիությունն այսքան լուռ»:
ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Գերմանիայում գործող Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը ևս նախազգուշացրել է Արցախում մարդասիրական աղետի մասին: Կազմակերպության հոդվածի համաձայն՝ Լաչինի միջանցքն արգելափակող ադրբեջանցիներն իրենց անկախ էկոակտիվիստներ են անվանում, սակայն դա միայն պատրվակ է Արցախը շրջափակելու համար.
«Մինչ այժմ Ադրբեջանն աչքի չէր ընկնում շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ հետաքրքրվածությամբ... Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը, իսկ Գերմանիայի կառավարությանը՝ հստակ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ:
Տարածաշրջանի շրջափակումից տուժել է 120 հազար մարդ։ Միջանցքը փակ է շտապօգնության մեքենաների համար, հիվանդանոցներն անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում, մթերային խանութները դատարկ են, մանկական սնունդ ձեռք բերելը գրեթե անհնար է։ Ավելի քան 1000 բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում տուն վերադառնալ»։
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆԸ
Լաչինի շրջափակման բնապահպանական պատճառները կասկածի տակ է դնում ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը։
«Ահա հերթական ադրբեջանցի չակերտավոր «էկոակտիվիստը», որը փակել է Լաչինի միջանցքը», - գրել է նա Թվիթերի միկրոբլոգում՝ կից ներկայացնելով Լաչինի միջանցքի ցույցերի ֆոնին ադրբեջանցի երիտասարդի լուսանկար: Մեկ այլ լուսանկարում նույն երիտասարդն արդեն զինվորական համազգեստով է:
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիդ Իմանովն էլ հայտարարել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է աչք փակել նրանց բացակայությունների վրա և բավարար գնահատականներ նշանակել, եթե երիտասարդները միանան Լաչինի միջանցքի ցույցերին։ Իրավապաշտպանը հավելել է, որ նման իրավիճակ է ադրբեջանական մի շարք այլ համալսարաններում: