Ինչու է երեխային հակաբիոտիկ նշանակվել, ինչու հենց այդ տեսակը, այդ չափաբաժնով կամ այդ համակցմամբ: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է երեխայի հիվանդության պատմագրի նոր ձև, որտեղ բժիշկը պարտավոր է լինելու հիմնավորել հակաբիոտիկի նշանակումը: Հակաբիոտիկների անտեղի կիրառումը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև դրանց նկատմամբ կայունություն է առաջանում, ու դեղերը դադարում են ներգործել:
Լիլիթ Ավետիսյան (ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ) - Մանկաբուժական պրակտիկայում հիվանդությունների մեծ մասը, հատկապես՝ մինչև 5 տարեկան երեխաների, վիրուսային ծագման են, և ոչ մի պարագայում կանխարգելիչ նպատակով անտիբիոտիկ չի նշանակվում: Հետևաբար եկեք հիմնավորենք՝ այն բոլոր երեխաները, որոնք ընդունվում են հիվանդանոց, իրոք կարիք ունե՞ն անտիբիոտիկաթերապիայի, թե՞ ոչ: Եթե կա հիմնավորում, երեխան կստանա ճիշտ և ժամանակին անտիբիոտիկ, եթե չկա, հետևաբար չի նշանակվի, և դա վերահսկելի կլինի
Նոր պատմագիրը կլինի ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով: Դրանում որակի վերահսկման մեկ այլ գործիք է ներդրվել: Բժիշկը նաև պետք է հիմնավորի, թե ինչու է ընտրել ինֆուզիոն թերապիան, երբ երեխայի կորցրած հեղուկը լրացվում է ներերակային ճանապարհով: Քիչ չեն դեպքերը, երբ հեղուկի անհրաժեշտ ծավալը վերականգնվում է ներարկման միջոցով՝ հիվանդանոցային պայմաններում ու երեխային ցավ պատճառելով, այնինչ ընդամենը պետք էր հեղուկներ խմել ու տա՛նը:
Լիլիթ Ավետիսյան - Անհիմն ինֆուզիոն թերապիայից կամ անհիմն ներերակային հեղուկների ներարկումից խուսափելու համար ներդրվել են բանաձևեր: Մենք ունենք բավականին շատ աջակցող բանաձևեր պատմագրերում, որոնք ուղղված են բժշկին աջակցելու. ոչ թե հիշել շատ բաներ, այլ կատարել դրանք բանաձևերի օգնությամբ:
Բժշկի հիշողությունը չծանրաբեռնելու համար առաջարկվող տարբեր բանաձևերից մեկը կօգնի, օրինակ, արագ հաշվարկել, թե որքան հեղուկն է, որ պետք է լրացվի ներերակային ճանապարհով:
Բացի նրանից, որ ներկայիս թղթայինի փոխարեն պատմագիրը կլինի էլեկտրոնային ու հնարավոր կլինի այն էլեկտրոնային փոստով ստանալ, երեխայի առողջության ու բուժման ընթացքի մասին տեղեկությունների մեծ ծավալ կպարունակի: Ոլորտի պատասխանատուներն ակնկալում են, որ դա կնպաստի բուժանձնակազմի ճիշտ, կանոնակարգված ու վերահսկելի աշխատանքին:
Երեխաների նոր պատմագրում հատուկ դաշտ է առանձնացված վիրաբուժական ծառայության համար: Անեսթեզիոլոգիական քարտը ևս նորույթ է: Վերականգնողական ծառայություններից օգտվող երեխաների համար նույնպես կան առանձին դաշտեր ու հատուկ էպիկրիզ:
Լիլիթ Ավետիսյան - Վերականգնողական ծառայության դեպքում դա առավել կարևոր է՝ ինչ է կատարվել երեխային հիվանդանոցում, ինչ պետք է ծնողը անի տնային պայմաններում և այն հաղորդումը պոլիկլինիկայի բժշկին՝ ինչ պետք է կազմակերպի բժիշկը, որպեսզի չկորցնի երեխան այն հմտություններն ու կարողությունները, որ հիվանդանոցային պայմաններում ձեռք է բերել:
Նոր փոփոխությամբ 16-18 տարեկաններին հնարավորություն է տրվում պահանջել և ստանալ իրենց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան