Խելացի անասնաշենքով ֆերմա, կաթի վերամշակում, էկոտուրիզմ՝ բիզնեսի երեք տեսակները փորձել են մեկտեղել Կոտայքի մարզում գործող «Կաթենի» ընկերությունում: Անասնաֆերմայի և կաթի վերամշակման հարցում արդեն առջընթաց ունեն:
Վան Քարամյան (ֆերմերային ընկերության փոխտնօրեն) - Կովերը մեր մոտ միայն Գերմանիայից և Վենգրիայից ներմուծված խոշոր եղջերավորներ են, ներմուծել ենք արդեն մոտ 180 գլուխ:
Շվից, սիմենտալ, հոլշտեյն տեսակի կովեր ներկրելու և անասնաֆերմա հիմնելու գաղափարը ծագեց երեք տարի առաջ, երբ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց գյուղատնտեսության տարբեր ուղղությունների պետական աջակցության ծրագրերը: Միանգամից երեք պետական աջակցության ծրագրերով դիմեցին նախարարություն, դիմումները չմերժվեցին: Ընկերությունը խոստացավ՝ կենդանիների նոր սերունդ ստանալու դեպքում, այն վաճառել նաև այլ գյուղացիական տնտեսությունների:
Վան Քարամյան - Սեմենտալին սերմնավորում ենք կարմիր հոլշտեյնով, որպեսզի դիմադրողականությունը բարձր լինի կաթնատվությունը շատ լինի: Հետագայում ուզում ենք լրացնենք մոտ 200 գլուխ անասուն, որպեսզի այստեղի կլիմայում հարմարվեն, գյուղացիներին ավելի հարմար կլինի, որպեսզի ձեռք բերեն այսպիսի անասուն:
Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տարածքում հիմնել են կաթի վերամշակման արտադրամաս:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ընդհանուր առմամբ 1.5 միլիոն դոլարի ներդրում է կատարվել, որի շուրջ 50 տոկոսը պետական օժանդակության շրջանակներում է: Սեփականատերը օգտվել է և գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրից, և տոհմային կենդանիների ձեռք բերման ծրագրից, ինչպես նաև վերամշակման սարքավորումների լիզինգի ծրագրից:
Կաթի վերամշակման արտադրամասը հանգստյան տներից մեկի տարածքում կառուցելն ինքնանպատակ չէ, ասում է Արման Խոջոյանը: Սեփականատերը որոշել է նաև զբաղվել գյուղատնտեսությունում նորույթ համարվող էկոտուրիզմով, զբոսաշրջիկներն ականատես կլինեն կաթնամթերքի արտադրության ամբողջ շղթային: