ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԽՈՍՆԱԿ ԸՆՏՐԵԼ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 15-րդ քվեարկության արդյունքում հաջողվել է խոսնակ ընտրել: Այդ պաշտոնը կզբաղեցնի հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին: Նա ստացել է 216 ձայն՝ անհրաժեշտ 218-ից, ինչն այս դեպքում բավական է, քանի որ վեց օրենսդիր թեկնածուներից ոչ մեկի օգտին չի քվեարկել: Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսի օգտին 15-րդ փուլում, ինչպես և նախորդ փուլերում, քվեարկել է 212 կոնգրեսական։
Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը երրորդ ամենակարևորն է ԱՄՆ պետական հիերարխիայում: Ակնկալվում էր, որ Մըքքարթին այս պաշտոնը կզբաղեցնի դեռ հունվարի 3-ին, սակայն քվեարկությունը ձգձգվում էր նրա որոշ կուսակիցների դիրքորոշման պատճառով։ Լրատվամիջոցների տվյալով՝ բավարար թվով ձայներ հավաքելու համար Մըքքարթին ստիպված է եղել մի շարք զիջումների գնալ՝ մասնավորապես խոսնակի պաշտոնավարման ժամկետների և պայմանների հետ կապված։ Ջո Բայդենը շնորհավորել է Մըքքարթիին և պատրաստակամություն հայտնել «աշխատել հանրապետականների հետ»՝ որքանով հնարավոր է:
ԱՄՆ-ում վերջին անգամ նման իրավիճակ էր ստեղծվել 164 տարի առաջ: 1859 թվականին ստորին պալատի խոսնակ ընտրելու համար 44 փուլ է պահանջվել:
Քևին Մըքքարթին իր ներդրումն է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը գործում: 2019 թվականին նա պարգևատրվել է «Մխիթար Գոշ» պետական պարգևով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ
Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում: Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։ Փաթեթը ներառում է նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ:
Քիրբին նաև կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի, ուստի ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կիևին:
ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Երեկ Կոսովոյում ալբանացի մի տղամարդ կրակ է բացել Գոտովուշկա բնակավայրում Սուրբ Ծնունդը տոնող սերբերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորել է երկու սերբ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Տուժածները միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 33-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել: Դեպքից հետո Կոսովոյի հարավում բնակվող սերբերը արգելափակել են փողոցները:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նույնպես դատապարտել է քաղաքացիների վրա հարձակումը: Նա վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը հայտարարել է, որ կատարվածը մահափորձ է խաղաղ բնակիչների դեմ։ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչն էլ դիմել է միջազգային հանրությանը` պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել Կոսովոյում էսկալացիայի հերթական փուլը կանխելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի արևմուտքում մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է շուրջ 2,5 միլիոն մարդ: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Նախնական տվյալով վիրավորվել է առնվազն 50 մարդ: