Մարդու իրավունքների միջազգային ընկերությունը (IGFM) նախազգուշացրել է Արցախում 120 000 մարդու համար ստեղծված մարդասիրական աղետի մասին:
Ընկերության հրապարակած
հոդվածում նշվում է, որ Լաչինի միջանցքն արգելափակող ադրբեջանցիներն իրենց անկախ էկո-ակտիվիստներ են անվանում, սակայն դա միայն պատրվակ է Արցախը շրջափակելու համար. «Մինչ այժմ Ադրբեջանն աչքի չէր ընկնում շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ հետաքրքրվածությամբ»:
Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները արգելափակված են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Սնունդ և դեղորայք հնարավոր չէ մատակարարել:
Ընկերությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը, իսկ Գերմանիայի կառավարությանը՝ հստակ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ:
«Տարածաշրջանի շրջափակումից տուժել է 120 հազար մարդ։ Միջանցքը փակ է շտապօգնության մեքենաների համար, հիվանդանոցներն անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում, մթերային խանութները դատարկ են, մանկական սնունդ ձեռք բերելը գրեթե անհնար է։ Ավելի քան 1000 բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում տուն վերադառնալ»,- նշված է հրապարակման մեջ։