Պետական վերահսկողական ծառայության համար 2022-ը շրջադարձային էր թե՛ վերահսկողության ծավալների, թե՛ բացահայտումների առումով:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ) - Միջինում 5-6 տասնյակ վերահսկողական գործառույթ է իրականացվել յուրաքանչյուր ամիս ընթացիկ կարգով, այս պահին ՊՎԾ-ում իրականացվում է շուրջ 1,5 տասնյակ ուսումնասիրություն և 44 մշտադիտարկում պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր մարմիններում:
Տարվա ընթացքում իրականացվել է 3,5 տասնյակ ուսումնասիրություն և շուրջ 200 մշտադիտարկում:
Ռոմանոս Պետրոսյան - Մեր ուսումնասիրությունների, մշտադիտարկումների արդյունքում վերհանված փաստերով, որոնք պարունակել են առերևույթ հանցակազմի հատկանիշներ, քննչական մարմիններում հարուցվել են 62 քրեական վարույթ. մեծ մասը հակակոռուպցիոն կոմիտեում են քննվում, մի մասը՝ քննչական կոմիտեում:
2022-ի ամենամաշստաբային ուսումնասիրությունը Երևանի քաղաքապետարանում էր. արդյունքում հարուցվել է 14 քրեական վարույթ՝ նշում է Պետրոսյանը:
Ռոմանոս Պետրոսյան - Երևանի քաղաքապետարանում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքով վեր են հանվել շուրջ 16 մլրդի առերևույթ խախտումներ, որոնց շուրջ 35 տոկոսը, մեր փորձագետների գնահատմամբ, ենթակա է վերականգնման:
Նախորդ տարի նաև պետպատվերի տրամադրման օրինականությունն ու արդյունավետությունն են ստուգել:
Ռոմանոս Պետրոսյան -Պետպատվերի ամենախոշոր մասնաբաժին ունեցող 10 ԲԿ-ում ուսումնասիրություններ են մեկնարկել, որոնցից 5-ը ամփոփվել են արդեն: Կան ԲԿ-ներ, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի վերականգնումներ են արել պետբյուջե:
Մոտ 2 տասնյակ միլիոն դրամ էլ բուժկետրոնները վերադարձրել են քաղաքացիներին:
Ռոմանոս Պետրոսյան - Նրանցից գանձվել են գումարներ: Մեր ուսումնասիրությամբ պարզվել է, որ անօրինաչափ են գանձվել, և վերադարձվել են քաղաքացիներին:
Գյումրու սելեկցիոն կայանում շուրջ 527 մլն դրամի առերևույթ խախտումներ են հայտնաբերել:
Ռոմանոս Պետրոսյան - Այս պահին ուսումնասիրվում է Ջրառ ՓԲԸ-Ն, Սյունիքի մարզպետարանում լայնածավալ ուսումնասիրություններ ենք իրականացնում պետական սուբսիդիաների տրամադրման, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Կրթական հաստատություններում լայնամասշտաբ վերահսկողական գործառույթներ են իրականացրել:
Ռոմանոս Պետրոսյան - Առերևույթ խախտումները վերաբերում են ՀՀ-ից բացակայող ուսանողների դիպլոմավորման կամ մանկավարժների ֆինանսավորման ոչ իրավաչափ գործիքակազմեր կիրառելուն, նաև պետական սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքների ոչ արդյունավետ կառավարմանը, այդ թվում՝ հանգստյան տների, սպորտբազաների:
Պետական միջոցների կառավարման արդյունավետության, օրինականության ուսումնասիրությունների ընթացքում նաև օրենսդրական բացերի շտկման առաջարկություններ են ներկայացնում: Օրինակ՝ մեքենաների խլացուցիչների թափոնների արտահանումը առաջարկել են 6 ամսով դադարեցնել: Շուրջ 5,5 մլրդ դրամի չվճարված հարկեր են վերհանել:
Ռոմանոս Պետրոսյան - Էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղվարկերի սուբսիդավորման գործընթացները 2018-21 թթ. կտրվածքով լանամաշստաբ ուսումնասիրության են ենթարկվել, որի արդյունքում առաջարկել ենք վարչապետին՝ հանձնարարել կա՛մ վերահսկողական գործիքակազմերը ընդլայնել, կա՛մ դադարեցնել վարկերի սուբսիդավորումը:
2018-21 թթ. միայն պետբյուջեից 18,3 մլրդ դրամ ուղղվել է գյուղվարկերի սուբսիդավորմանը: Խնդիրը ոչ թե օրինականության, այլ արդյունավետության դաշտում է՝ նշում է Պետրոսյանը: Հունվարի 1-ց դադարեցվում է նաև նոր գյուղվարկերի տրամադրումը:
Ռոմանոս Պետրոսյան - Տարվա ընթացքում բավականին բազմապատկվել է հանրագրերի, դիմում-բողոքների թիվը, ավելի քան 70 տոկոսի աճ ունենք նախորդ տարվա համեմատ, շուրջ 600 հանրագիր ենք ստացել:
5 քրեական վարույթ հարուցվել է միայն հանրագրերով ստացված դիմում-բողոքների հիման վրա: Նաև լրամշակում են ՊՎԾ մասին օրենքը, որով վերահսկողությունից բացի՝ կառույցին կվերապահվի նաև պետբյուջեի ֆինանսաբյուջետային հսկողության լիազորություն: