Զանգը հաշված օրերից աշակերտներին կկանչի նորակառույց դպրոց: Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 դպրոցը գրեթե պատրաստ է: 71 -ին կառուցված մասնաշենքը քանդել, տեղում կառուցել են նորը: Թամանյանական նախագծով 30-ականներին կառուցված մասնաշենքը պահպանվել է, որտեղ հիմա կազմակերպվում են դասերը:
Քրիստինա Պապոյան (Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 դպրոցի տնօրեն) - Սա համայնքային շատ մեծ հարց է լուծելու: Ունեինք երեխաներ, որ շենքային պայմաններից ելնելով՝ գնում էին այլ համայնքներում ուսումնառությունը ստանալու: Աշակերտ ունենք այս պահին, բայց դեռևս մեծ հոսք կա դեպի դպրոց: Անգամ Արարատից գալիս, դիմում են այստեղ սովորելու համար:
Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող դպրոցի շինարարության համար ներդրվել է մոտ 1,2 մլրդ դրամ: Սա Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրով, սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող դպրոցներից է:
Ռազմիկ Առաքելյան (աշխղեկ) - Կառուցված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար, համոզված եմ, որ ավելին կդիմանա, քանի որ կոնստրուկտիվ ամրությունը ապահովված է լիարժեք:
Աշխատանքային նոր պայմաններն այնքան են ոգևորել համար 95 դպրոցի գրադարանավար Կարմեն Ներսիսյանին, որ նա հետ է վերցրել կենսաթոշակի տարիքով պայմանավորված աշխատանքից դուրս գալու դիմումը:
Կարմեն Ներսիսյան (Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 դպրոցի գրադարանավար) - Մտածեցի՝ լավ, մի տարի էլ աշխատեմ այս նոր գրադարանում, հաճույք ստանամ ու նոր բաժանվեմ դպրոցից:
2022-ին մեծ թափով ընթացան 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու՝ Կառավարության լայնածավալ ծրագրի աշխատանքները: Ոլորտը համակարգում էր Հայաստանի արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ ընթացքում է 82 դպրոցի և 83 մանկապարտեզի շինարարությունը: 2022-ին շահագործվել են 53 մանկապարտեզ, 24 դպրոց:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ, 2021-2022 թթ.) - Նշված դպրոցների և մանկապարտեզների մեծ մասի շինարարական աշխատանքներն ավարտված են, և մենք անցել ենք ծրագրի երկրորդ փուլին, այն է՝ արդեն նորոգված շենքային պայմաններում ապահովել համապատասխան գույք:
Կրթության և գիտության զարգացումը Կառավարության առաջիկա տարիների գերակա խնդիրներից է: 800 կրթական հաստատության կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման համար Կառավարությունը մինչև 2026 թվականը ժամանակ ունի: Այդ նպատակով գործադիրն աշխատում է երկու ուղղությամբ:
Համբարձում Մաթևոսյան - Առաջինը բովանդակային խնդիրներն են, որոնք իրականացվում են կրթության և գիտության ոլորտում, օրինակ՝ աշխատավարձերի բարձրացման առումով ատեստավորման, վերապատրաստման և, առհասարակ, կրթական որակի բարելավման առումով: Սրան զուգահեռ՝ կարևորագույն խնդիր ունենք՝ լուծելու համապատասխան կրթական ենթակառուցվածքների խնդիրը, որը, ցավոք, օրհասական է դարձել Հայաստանում: Շատ կրթական հաստատություններ ունենք, որոնք չեն համապատասխանում նորմերին:
Տարածքային զարգացման հիմնադրամի մասնակցությամբ կառուցվում է 9 մանկապարտեզ և 41 դպրոց:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Բոլորն ընթացքի մեջ են: 14 դպրոց և 4 մանկապարտեզ նախագծման փուլում, մյուս մասով շինարարության ընթացքում են:
Սյունիքում ներդրվում է կրթական ենթակառուցվածքի մոդել՝ որակյալ կրթության համար ապահովելու առավելագույն հարմարավետություն: Մոդուլային դպրոցներից մինչև լաբորատորիաներ, մարզադահլիճներ և տրանսպորտային երթուղիներ: Մեկ տանիքի ներքո կգործեն դպրոց ու նախակրթարան: Սյունիքում կկառուցվի 64 նման կրթահամալիր:
Համբարձում Մաթևոսյան - Առաջին լոտը սկսելու ենք Կապան խոշորացված համայնքում, որտեղ հաստատել և տեղորոշել ենք 13 նախակրթարանները՝ իրենց համապատասխան բնակավայրերով: Նախագծանախահաշվային աշխատանքները մոտենում են ավարտին, և գալիք տարի կսկսվեն շինաշխատանքները: Սյունիքում ևս 51 նմանատիպ կրթահամալիրների նախագծերը կիրականացվեն գալիք տարի: Փորձում ենք նման մոդուլային տարբերակով առաջ շարժվել բոլոր այն համայնքներում, որտեղ տեղորոշման հետ կապված կունենանք համապատասխան եզրակացությունները:
Տարվա ընթացքում վարչապետը բազմիցս անդրադարձել է դպրոցաշինական խոշոր ծրագրի իրականացմանը: Կրթական նոր հաստատությունները կհագեցվեն բացառապես նոր գույքով. ծրագրերի հիմքում է ոչ միայն շենքային պայմանների, այլև միջավայրի հիմնովին արդիականացման՝ վարչապետի պահանջը: Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կազմվել է աշխատանքային ճանապարհային քարտեզ՝ կրթական օբյեկտների շինարարությունը հստակ ու ճշգրիտ ժամկետներում իրականացնելու համար:
Համբարձում Մաթևոսյան - Աշխատանքը բավականին ծավալուն է, վարչապետի կողմից կա հանձնարարական, որ աշխատանքները պետք է իրականացվեն 21-26 թթ. ծրագրին համապատասխան, և որ ամենակարևորն է՝ հատուկ ուշադրություն պետք է դարձվի որակին: Նիշը բավականին բարձր ենք դրել, որ վստահ լինենք, որ 2026-ին կկարողանանք պատշաճ հանձնել 300 դպրոց, 500 մանկապարտեզի ծրագիրը:
Մեծածավալ շինարարության համար ներդրվում են ֆինանսական խոշոր միջոցներ՝ պետական հատկացումներ են, վարկային, դրամաշնորհային, սուբվենցիոն միջոցներ:
Համբարձում Մաթևոսյան - Դժվար կլինի մեկ ընդհանուր թիվ հնչեցնել գումարային առումով, քանի որ ծրագրերը նախագծանախահաշվային փուլում են, գալիք տարի բյուջեով մոտ 40 մլրդ դրամ է նախատեսված: Իհարկե, սա ամբողջականը չէ, հստակ է՝ ֆինանսական խնդիր չունենք ծրագիրն իրականացնելու:
800 կրթական օբյեկտների ցանկից դուրս Կառավարությունը լուծում է նաև ընթացիկ նորոգումների ու համալրումների կարիք ունեցող դպրոցների, մանկապարտեզների խնդիրը: Համայնքներում կստեղծվեն կրթական պատշաճ պայմաններ ու միջավայր: Ծրագիրն ըստ Մաթևոսյանի՝ ունի ռազմավարական նշանակություն:
Համբարձում Մաթևոսյան - Դպրոցները, մանկապարտեզները համարվում են կրթության ոլորտի, կրթության հիմնաքարերը, որտեղ ձևավորվում է բարձր գիտակցություն ունեցող քաղաքացիական հասարակություն, որն իր հերթին գիտելիքը կծառայեցնի երկրի զարգացման, պետության շենացման համար: Կառավարության ծրագրով սահմանված ցուցանիշ ունենք, այն է՝ 3-5 տարեկան երեխաների ներգրավվածությունը նախադպրոցական հաստատություններում: Մինչև 2026-ը պետք է հասցնենք մինչև 85 տոկոս:
Կառավարության հնգամյա ծրագրով խոշոր համայնքներում կառուցվելու են նաև ավագ, հիմնական դպրոցներ: Էներգետիկ պահանջարկն ապահովելու նպատակով մոդուլային շենքերը կունենան ֆոտովոլտային, արևային կայաններ: Խաղադաշտ, ուսումնական ջերմոց, բարեկարգ բակից բացի՝ նորակառույցները հագեցվում են անվտանգության միջոցներով, կառուցվում են նաև ապաստարաններ: