ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՌԴ-Ի ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել Սուրբծննդյան տոներին՝ հունվարի 6-ին ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, Ուկրաինայում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ պահպանել: Ուկրաինան, սակայն, ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու նախաձեռնությունը համարում է կեղծ և չի գնա նման քայլի:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Ռուսաստանին չի հաջողվի լռության մեջ թաքցնել Ուկրաինայի և ողջ Եվրոպայի դեմ ագրեսիայի նոր ալիքի նախապատրաստումը: Ռուսաստանը, օգտվելով լռության ռեժիմից, կամրապնդի իր դիրքերը շփման գծում: Նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել՝ որոշ ժամանակով դադարեցնելու մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում, և իրենց տեխնիկան, զինամթերքն ու զորակոչիկներին մոտեցնել մեր դիրքերին: Պատերազմը կավարտվի կա՛մ երբ ձեր զինվորները հեռանան, կա՛մ երբ մենք նրանց դուրս շպրտենք:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես թերահավատորեն է վերաբերվում 36 ժամով կրակը դադարեցնելու՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը փորձում է շունչ քաշել: Չեմ ցանկանում մեկնաբանել Պուտինի խոսքերը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքն էլ համոզմունք է հայտնել՝ եթե Վլադիմիր Պուտինը խաղաղություն ուզեր, նա իր զինվորներին տուն կուղարկեր։ Բերբոքը հավելել է՝ Մոսկվան ուղղակի ցանկանում է շարունակել պատերազմը կարճ ընդմիջումից հետո:
ԱՄՆ-Ն ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Միացյալ Նահանգների վարչակազմը և Գերմանիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինային հետևակի մարտական մեքենաներ տրամադրել։ Այս մասին ասված է Ջո Բայդենի և Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
«ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու Կիևին ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական աջակցությունն այնքան, որքան անհրաժեշտ է»,- նշվում է փաստաթղթում։
Բայդենը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կրիտիկական փուլում է, և Վաշինգտոնն ու Բեռլինը կօգնեն Ուկրաինային պաշտպանվել նաև ռուսական ուժերի օդային հարվածներից:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն էլ հայտարարել է՝ ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթ հատկացնելու որոշումը, որը Bradley մարտական մեքենաներ է ներառում, վկայում են այն մասին, որ ամերիկյան կողմը չի ցանկանում խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով:
***
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին արդեն 11-րդ անգամ չի հաջողվում խոսնակ ընտրել: The Washington Post-ը նշում է, որ վերջին անգամ նման իրավիճակ ստեղծվել էր 164 տարի առաջ: 1859 թվականին ստորին պալատի խոսնակ ընտրելու համար 44 փուլ է պահանջվել:
Ավելի վաղ՝ Հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին չէր կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը։ Նրա հիմնական մրցակից, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել էր 212 ձայն, իսկ հանրապետականների առաջնորդը, չնայած ստորին պալատում իր կուսակցության մեծամասնությանը, ընդամենը՝ 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։ Ջո Բայդենն ամոթալի է որակել այն փաստը, որ խոսնակ ընտրելու՝ կոնգրեսականների անկարողության պատճառով Ներկայացուցիչների պալատի աշխատանքը խափանվում է։
***
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, մեկնաբանելով Թուրքիայի և Սիրիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, նշել է, որ Վաշինգտոնը չի կարգավորի հարաբերությունները Բաշար Ասադի հետ և չի աջակցի այն երկրներին, որոնք ցանկանում են գնալ այդ ուղղությամբ։
«Դամասկոսի ռեժիմը որևէ բան չի արել, որ ԱՄՆ գործընկերները և այլ երկրներ կարգավորեն կամ բարելավեն նրա հետ հարաբերությունները։ Սիրիացիները 12 տարի է՝ տառապում են պատերազմից: Մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների, ՄԱԿ-ի գործընկերների հետ՝ ապահովելու կայուն քաղաքական լուծում»,- ասել է Փրայսը:
***
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է «Բելառուսի քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից ծայրահեղական գործունեություն իրականացնելու կամ երկրի շահերին վնաս հասցնելու համար, եթե անձը գտնվում է Բելառուսի սահմաններից դուրս:
Քաղաքացիները նաև պետք է տեղեկացնեն իրավասու մարմիններին օտարերկրյա պետություններում քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ունենալու մասին: