Հունվարի 6-ին` ժամը 05:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Տ.) անասնակերով (փլուշ-խաղողի հատիկների հեռացումից մնացած զանգված) բեռնված դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա էլեկտրական սյանը և կողաշրջվել. սյունը նույնպես շրջվել է: Ավտոմեքենայի վրայից պոկվել ընկել է գազի երեք բալոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը կտրել, տեղափոխել անվտանգ տարածք, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոններից գազի պարպումը։