Հայաստան մշտական բնակության եկած Ուկրաինայի քաղաքացիները հունվարից կարող են մեր երկրում նպաստ, կենսաթոշակ ստանալ՝ Հայաստանում գործող կարգով: Կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում է որոշում ընդունել. դա պայմանավորված է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով:
Անահիտ Գալստյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության վարչության պետ) - Ուկրաինանան հանդիսանում է ԱՊՀ շրջանակում կնքված կենսաթոշակային ապահովության համաձայնագրի մասնակից պետություն, իսկ դա նշանակում է, որ, անկախ քաղաքացիությունից, Ուկրաինայում կենսաթոշակի իրավունք իրացրած անձը եթե գալիս է ՀՀ, ապա մենք պարտավոր ենք հարցում իրականացրել Ուկրաինայի կենսաթոշակային մարմին՝ պարզելու՝ նշանակվել է, չի նշանակվել, դադարեցվել է, թե ոչ:
Հայաստանում բնակվող Ուկրաինայի մոտ 200 քաղաքացիների նպաստի, կենսաթոշակի մասին տվյալներ ստանալու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցում է ուղարկել Ուկրաինա՝ պարզելու՝ այդ անձինք ստանո՞ւմ են պետական աջակցություն, թե՞ ոչ: Ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայի կենսաթոշակային ֆոնդից չեն արձագանքում:
Այս հարցումը կատարվել է 23.11.2022-ին Ուկրաինայի կենսաթոշակային ֆոնդին: Արձագանք դեռ չկա: Այսպես հարցում կատարելուց հետո երեք ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում, հիմք ընդունելով քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը և հայտարարությունը, որ ինքն իր երկրում նպաստ-կենսաթոշակ չի ստանում, Հայաստանում նրան նոր հիմունքներով կենսաթոշակ կամ նպաստ է նշանակվում:
Անահիտ Գալստյան - Եթե այնուհանդերձ հետագայում պարզվի, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, օրինակ՝ երեք ամիս պատասխանը չստացանք, և մենք նշանակեցինք կենսաթոշակը, ապա մենք ամբողջ վճարված գումարը օրենքով սահմանված կարգով հետ ենք գանձելու:
Հայաստանի Կառավարությունը, ի դեպ, երկրորդ անգամ է առանձնահատկություն սահմանում Ուկրաինայի քաղաքացիների համար. առաջինը 2015-ին էր՝ կրկին ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված:
Անահիտ Գալստյան - Հաշվի առնելով դեռ 2021-ի հոկտեմբերից սկսած դիմումները՝ նախագիծը տարածվում է նաև այդ քաղաքացիների համար: Իմ նշած օրինակում, քանի որ դիմել է դեռևս 21 թվականի հոկտեմբերին, և դեկտեմբերին որոշումն ընդունվել է, հունվար ամսին կնշանակվի հետադարձ ամբողջ ժամանակաշրջանի համար:
Տարվա ընթացքում մոտ 21000 ուկրաինացի է Հայաստան եկել-գնացել, մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է 180, բայց դա չի նշանակում, որ այս պահին այդքան ուկրաինացի է Հայաստանում բնակվում: Միգրացիոն ծառայության միայն 9 ամսվա տվյալով՝ Հայաստանում ապաստան է հայցել 620 օտարերկրացի, որից 360-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Եթե հաշվի առնենք, որ տարեկան միջինը 200-250 հայց է լինում, ապա նկատելի է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները փոխել են պատկերը մեր երկրում ապաստանի հայց ստանալու համար:
Ապաստանի հայցերին զուգահեռ՝ Հայաստանի 93 գործատու դիմել է Միգրացիոն ծառայությանը՝ Ուկրաինայի քաղաքացու աշխատանքի ընդունելու համար, 70-ի դեպքում արդեն կա դրական որոշում, մյուսներն ընթացքի մեջ են: