Մեղրիի Փոքր թաղը վերակառուցվելու է։ Նպատակը քաղաքի մշակութային, տնտեսական զարգացումն է, դեպի Մեղրի զբոսաշրջային ուղղության ակտիվացումը: Աշխատանքներն իրականացվում են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով։
Անահիտ Ոսկանյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության պատասխանատու) - Այսօր Հայաստանում կա երեք քաղաք, որոնք ունեն պատմական միջավայր՝ Գյումրին, Գորիսը, Մեղրին: Եվ նշյալ ծրագիրը հենց դրանց մեջ որոշակի ներդրումներ է իրականացնում: Մեղրիի Փոքր թաղի վերածնունդը շատ կարևոր է Հայաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման համար, այդ իսկ պատճառով ընդգրկվել է ծրագրի մեջ, և հանրային ենթակառուցվածքների հիմնանորոգում է իրականացվում:
Նախատեսվում է Փոքր թաղի պահպանական գոտու՝ Մեժլումյան և Վազանց փողոցների վերակառուցում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, ավտոկայանատեղիների կառուցում, ինչպես նաև լուսավորման, խմելու ջրի, ոռոգման և կոյուղու համակարգի հիմնում։
Աշոտ Ավետիսյան (ՀՏԶՀ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համակարգող) - Ենթածրագիրը այս պահին գտնվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման փուլում: Նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, որից հետո կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ, և բուն շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. սկզբին: Ըստ հաստատված նախնական փորձաքննության հաշվետվության՝ շինարարական աշխատանքները կտևեն մոտ 1 տարի:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Բովանդակության պատասխանատուն Զբոսաշրջության կոմիտեն է, իրականացնողը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Հիմնադրամից տեղեկացնում են՝ Մեղրիի Փոքր թաղը նմանվելու է Գորիսին, որտեղ արդեն իսկ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
Աշոտ Ավետիսյան - Զբոսաշրջության կոմիտեն բաժանել էր կլաստերների, կլաստերներից մեկն էլ Սյունիքի մարզն էր, որտեղ նախատեսվում է թե Զորաց քարերի շինարարությունը, որը էս պահին ակտիվ շինարարության փուլում է, Գորիս համայնքում երեք ենթածրագիր, 2-ը ավարտված են, 1-ը՝ ակտիվ շինարարության փուլում է:
Ենթածրագրի ավարտից հետո «Իզմիրլյան» հիմնադրամը Փոքր թաղի պատմական միջավայրում նախատեսում է ենթակառուցվածքների հիմնման աշխատանքներ։ Դրանք կավարտվեն 2024-ին։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան,