Եթե դուք կենսաթոշակը ստանում էիք «Հայփոստի» էլեկտրոնային փողի հաշվի միջոցով, ապա Կենտրոնական բանկի որոշմամբ 2023 թվականի փետրվարի 1-ից այդ տարբերակով այլևս հնարավոր չի լինի կանխիկացնել գումարը:
Օրենքը կենսաթոշակը հենց այդ եղանակով ստացող շահառուների համար առաջարկում է նոր կարգավորումներ:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար) -
Համաձայն կարգավորման՝ բոլոր էլեկտրոնային հաշիվները քանի որ չեն կարող կանխիկացվել, այդ հաշիվները կսպասարկվեն բանկերի կողմից, շահառուները կարող են մինչև փետրվարի 1-ը ընտրել բանկը: Իսկ ովքեր չցանկանան կամ չհասցնեն դիմել, ծրագիրը շահառուի համար կընտրի բանկ ինքնուրույն:
Դավիթ Խաչատրյան - Էլեկտրոնային հաշիվները ընդունելի չեն, քանի որ միջազգային ստանդարտներին որոշակի չեն համապատասխանում, այդ թվում՝ անվտանգային, փողերի լվացման և այլն: Հենց դրա համար էլ Կենտրոնական բանկը եկել է այդ որոշմանը:
Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 449.000 շահառու իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով, որից 409.000-ը՝ բանկերի, իսկ մնացած 40000-ը՝ ազգային օպերատորի միջոցով։ Վերջին ամիսներին մեծ թվով կենսաթոշակառուներ արդեն իսկ հրաժարվել են այս տարբերակից՝ ընտրելով իրենց հարմար բանկ: Դավիթ Խաչատրյանի դիտարկմամբ՝ դրան նպաստել է կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը:
Հենց այս ծրագրով միայն հոկտեմբերին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50.000 կենսաթոշակառու և նպաստառու․ վերջիններս կատարած գործարքների դիմաց ստացել են շուրջ 168 մլն դրամ հետվճար։
Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։
Փոխնախարարը հիշեցնում է՝ 2023 թ. hունվարի 1-ից կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ նաև մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։
Այսինքն՝ 2024 թ.-ից Հայաստանի ողջ տարածքում մինչև 75 տարեկանները կենսաթոշակ ստանալու են պարտադիր անկանխիկ եղանակով, միայն 75-ից բարձր տարիք կամ առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում կպահպանվի կամավոր ընտրելու հնարավորությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան