Երևանի պետական համալսարանը 2023-ի սեպտեմբերին կբացի իր առաջին STEM դպրոցը: 2023-2024 ուստարում ավագ դպրոցը կընդունի 10-րդ և 11-րդ դասարանների երեք խումբ, ընդհանուր՝ 50 աշակերտ: Բուհի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը վստահեցնում է՝ հետագայում ուսումնական գործընթաց կկազմակերպեն նաև կրտսեր դպրոցում սովորողների համար:
Էլինա Ասրիյան (ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր) - Սեպտեմբերից դպրոցը կգործի ԵՊՀ տարածքում, ֆիզիկայի ֆակուլտետում առանձնացրել ենք մի քանի դասարան, այնուհետև հաջորդ տարիների ընթացքում դպրոցը կշարունակի գործել Կիևյանում:
Մայր բուհի Կիևյանի քառահարկ մասնաշենքը կվերանորոգվի 2023-ին՝ Կառավարության աջակցությամբ: Ծրագիրն այս պահին նախագծման փուլում է: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել են հեղինակային ծրագրեր: Լիցենզիա ստանալու համար հինգը մշակվել, ուղարկվել է պատասխանատու գերատեսչություն: «Քիմիա» առարկայական ծրագրի վրա չորս հոգանոց խումբ է աշխատել:
Արմեն Գալստյան (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ) - Մշակվեց հատուկ աստիճանավոր կրթական համակարգ, որտեղ 10-րդ դասարանից սկսած ընդհանրական բնագիտական առարկաներ են անցնում, այնուհետև 11-ում արդեն մասնագիտացված ուղղվածություններն են գնում, ի տարբերություն հանրակրթության պետական չափորոշիչի, որը հենց 10-րդ դասարանից ուղղվածություն է ընտրում և երկու խորացված առարկա են ընտրում:
Պրոռեկտոր Ասրիյանի խոսքով՝ երբ համալսարանի Կիևյանի մասնաշենքը վերաբացեն, դպրոցում սովորելու հնարավորություն կունենա մինչև 500 աշակերտ: Մայր բուհի նոր կրթօջախում դասավանդելու են ինչպես հանրակրթության ոլորտի առաջատար մասնագետներ, այնպես էլ պետհամալսարանի դասախոսներ:
Էլինա Ասրիյան - Դպրոցում ուսումնառությունն անվճար չի լինելու, որևէ տաղանդավոր աշակերտ դուրս չի մնալու դպրոցից ուսման վարձի պատճառով, գործելու են փոխհատուցման շատ ճկուն հնարավորություններ և զեղչային համակարգ և կրթաթոշակներ, քանի դեռ STEM ուղղությունը շատ զարգացած է հենց ԵՊՀ-ում, ենթադրում ենք, որ աշակերտների մեծ մասը, այո՛, կհամալրեն մեր ուսանողների շարքերը:
Գիտությունը, մաթեմատիկան, ճարտարագիտությունը և տեխնոլոգիան միավորող դպրոցի աշակերտներին ընտրելու են մրցույթով՝ թեստային առաջադրանքներով ու հարցազրույցով: Որակյալ կրթություն ստանալու համար Մայր բուհի դպրոցն աշակերտներին բազմաթիվ հնարավորություններ է ընձեռելու:
Արմեն Գալստյան - Ոչ միայն քիմիայի ֆակուլտետի, ֆիզիկայի, կենսաբանության, ինչպես նաև ծրագրավորման տեսանկյունից բոլոր լաբորատորիաները բաց են լինելու մեր աշակերտների համար և իրենք պարտադիր ամեն տարի պետք է հետազոտական աշխատանքներ իրականացնեն, և այդ ռեսուրսները օգտագործվելու են այդ հետազոտական աշխատանքներն իրականացնելու համար:
Թե որքան կլինի STEM դպրոցում ուսման վարձը, դեռ որոշված չէ: Համալսարանից վստահեցնում են՝ ավելի քիչ կլինի, քան մասնավոր դպրոցների տարեկան վճարը: Հիշեցնեմ՝ մեր երկրում այսպիսի դպրոցներ ունեն նաև պետական մի շարք բուհեր: