Շուրջ 16.5 միլիարդ դրամի ծրագրեր, որից 15 միլիարդը՝ Արցախում: 2022 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքների թվային ցուցանիշն է: Ինչպես 2021-ին, այնպես էլ նախորդ տարի՝ հիմնադրամը շարունակել է Հայաստանի և Արցախի սահմանային համայնքների զարգացման առաքելությունը:
Հայկակ Արշամյան («Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կարիքները շատ-շատ են: Խնդիր է, մեծ խնդիր է խմելու ջրի խնդիրը, մեծ խնդիր է ոռոգման ջրի հարցը և այլն: Եվ հիմնադրամն իր անցած տարվա նաև դրահամավաքի արդյունքներով հավաքված գումարները և այս տարի հավաքված գումարները ևս ուղղելու է սահմանային համայնքներին:
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը ստանձնել է սահմանային համայնքներում ապրողներին գյուղատնտեսական օգնություն ցուցաբերելու առաքելություն: Բնակիչներին տրվում են անհրաժեշտ միջոցներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Հայկակ Արշամյան - Փեթակների տրամադրում, սերմերի, սածիլների, տնկիների տրամադրում, այսինքն՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է, փոքր ծրագրեր չեն: Նաև ջերմոցների տրամադրում:
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նախորդ տարվա աշխատանքից առաձնացնում է բնակարանաշինության ծրագրերը: Թեև 2020 թվականի համավարակն ու պատերազմը հետաձգել էին Գյումրիում շինարարական աշխատանքների մեկնարկը, 2022-ի ավարտին տնակներում ապրող ևս 36 ընտանիք Մուշ թաղամասում բնակարան ստացավ:
Հայկակ Արշամյան - Շատ խիստ չափորոշիչներ էինք դրել, որ այդ մարդիկ պետք է բնակարան չունենան այդ պահին կամ բնակարան ստացած չլինեն պետական աջակցությունից: Պետք է բազմազավակ լինեն այդ ընտանիքները և դոմիկներում պետք է ապրեն:
Հիմնադրամի հավաքած միջոցներով բնակարանաշինական աշխատանքները շարունակվել են նաև Արցախում: 44-օրյա պատերազմի հետևանքով տունը կորցրած արցախցիներին մինչև տարեվերջ տանիք կտրվի Իվանյան, Աջափնյակ և Տիգրան Մեծ թաղամասերում:
Հայկակ Արշամյան - Իվանյանում շուրջ 80 տան մասին է խոսքը, Իվանյան համայնքում ունենք նաև բազմաբնակարան շենքեր, որոնք օդանավակայանի հենց դիմացն են, դրանց մի մասը նաև էլի շահագործման կհանձնվի: Եվ, կարծում եմ, առնվազն 200-300 ընտանիք Արցախից այս տարի ևս տուն կունենա:
Արցախում համահայկական հիմնադրամի աշխատանքներին տարեվերջում խոչընդոտել է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը: Շրջափակման մեջ հայտնված Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պատճառով դադարեցվել է շինարարությունը:
Հայկակ Արշամյան - Խնդրեցինք շինարարներին ուղղակի գործ չանել, որովհետև չեն կարող, այսինքն՝ նույնիսկ եթե չասենք էլ, իրենք չեն կարող ոչինչ անել, որովհետև այնտեղ վառելիքի լուրջ խնդիր կա, այնտեղ նաև ապրանքների լուրջ խնդիր կա, և գնումներ իրենք պետք է կատարեն, որն ուղղակի այս պահին հնարավոր չէ:
Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամի կայքում բացվել է նվիրատվությունների բաժին: Դրամահավաքին արդեն միացել են տարբեր երկրներում հիմնադրամի տեղական մարմինները, կազմակերպություններ ու անհատներ:
Արցախցիներին աջակցություն կուղղվի նաև 2022-ի հեռուստամարաթոնին հավաքված 11 մլն դոլարից: Հայկական Արշամյանը նվիրաբերված գումարի չափը բավարար է համարում:
Հայկակ Արշամյան - Իհարկե, այո՛, մեր պոտենցիալը՝ համահայկական և սփյուռքի պոտենցիալը, շատ ավելի մեծ է, և մենք դրանում համոզվեցինք հենց նույն 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց պետք է հաշվի առնել միշտ ընթացիկ իրավիճակը և նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամը, որն այսօր աշխարհում տիրում է:
2022-ին «Հայաստան» հիմնադրամը գերազանցել է տարվա համար նախանշված ծրագրերի իրականացման ծավալը: 2023-ին, բնակարանաշինությանը զուգահեռ, սահմանային շրջաններում կսկսվեն դպրոցաշինության աշխատանքներ: Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչների համար կկառուցվեն ամբուլատորիաներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան