Առաջին անգամ Հայաստանում կքարտեզագրվեն գետերի, ջրային ավազանների հարակից ողողատային տարածքները: Նախաձեռնությունը Գիտության կոմիտեինն է, իրականացվելու է էկոհամակարգերի ծառայությունների քարտեզագրման ծրագրի շրջանակում: Թե ինչ պատկեր ունի Հայաստանի գետերի էկոհամակարգը, հստակ գնահատական կտրվի քարտեզագրումից հետո:
Վարդան Ասատրյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող) - Մշակվելու է մի գիտելիքահենք և տարբեր բաղադրիչներից բաղկացած ցուցիչ, այսպես ասած՝ գնահատման մեխանիզմ, որի միջոցով մենք պարզելու ենք Հայաստանի գետերի տարբեր հատվածներում ինչպիսի բարիքներ են առկա մարդկության և մեր հասարակության համար:
Քարտեզագրումը կնպաստի բնական ռեսուրսների կառավարմանն ու տնտեսական նպատակներով տարբեր որոշումների կայացմանը: Որտեղ ինչ ջրամբար կառուցել ու ինչպես օգտագործել ջրային ռեսուրսը, կամ որ գետերում և երբ թույլատրել սիրողական ձկնորսությունը՝ հարցերի հստակ պատասխաններ մասնագետները կարող են տալ միայն մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Օրինակ՝ սիրողական տուրիզմի համար Հայաստանում չբացահայտված վայրեր շատ կան՝ վստահեցնում են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մասնագետները:
Տիգրան Վարդանյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի ձկնաբանության ավագ գիտաշխատող) - Հայաստանը ունի շատ բարձրլեռնային գետեր, այս գետերում առկա ձկնատեսակներից հիմնականում կառանձնացնեմ, օրինակ՝ կարմրախայտը: Եթե սրա պաշարները ճիշտ, արդյունավետ օգտագործվեն, այո՛, սիրողական ձկնորսության համար բավականին հետաքրքիր օբյեկտ են:
Որտեղ, երբ և որքան ձկնատեսակ կարելի է որսալ՝ քարտեզագրումից հետո ունենալով գնահատական, այն հաշվի կառնվի նաև սիրողական ձկնորսության թույլտվությունների տրամադրման գործընթացում: Զբոսաշրջության այդ ուղղության զարգացման նախադրյալներ մեր երկրում կան, վստահեցնում են մասնագետները, սակայն դա պետք է կանոնակարգված լինի:
Տիգրան Վարդանյան - Ոչ թե ձկնորսին պետք է տալ ամբողջական որսի իրավունք, այլ ձկնորսը պետք է իմանա, որ հատվածից ինչ իրավունք ունի որսալու, որովհետև մի էկոհամակարգում կարող է մի տեսակը վնասված վիճակում է, և դրա պահպանությունն է անհրաժեշտ իրականացնել, այլ ոչ թե որսը, մյուս տարածքում գուցե դա ավելի շատ հանդիպող է:
Թեև հիդրոէկոլոգիայի ինստիտուտը ձկնորսության թույլտվությունների համար որոշակի ուսումնասիրություններ ունի, սակայն դրանց հավաստիությունը բավարար չէ, քանի որ էկոհամակարգերը տարիների ընթացքում ևս փոխվում են: