Պրոբացիայի ծառայությունը 2022-ը փակեց էլեկտրոնային կառավարման նոր համակարգի շահագործմամբ: e-probation հարթակը, կառույցի ղեկավարի գնահատմամբ, նպաստելու է թափանցիկ ու հաշվետու աշխատանքի ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանը: Համակարգը փակ է, մուտք ունեն միայն աշխատակիցները, անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ Սիմոնյանը շահառուների գործեր չի բացում, բայց մի օրինակով բացատրում է, թե ինչպես է աշխատելու նոր հարթակը:
Գևորգ Սիմոնյան (ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ) - Եթե, օրինակ, դատարանի կողմից դատավճիռ ունենք, որ գանձվի տուգանք, տուգանք պատժատեսակը, մենք հարթակի միջոցով տեսնելու ենք, թե որ ժամանակ է մուծվել այդ գումարը, ինչ չափով է մուծվել, և արդյոք համապատասխանո՞ւմ է այն ժամանակացույցին, որով պարտավորված էր դատապարտյալը մուծել այդ գումարը: Դա հեշտացնում է ու արագացնելու է մեր վերահսկողության ֆունկցիաները, նաև այդ տեղեկատվությունը հնարավորություն է տալու չկատարելու դեպքում շատ արագ արձագանքել և տարբեր միջնորդություններ ներկայացնել դատարան:
Պրոբացիայի ծառայությունը տարվա ավարտին 3500 շահառու ուներ, 6000-ից ավելի վարույթ: Նոր համակարգը, ըստ պատասխանատուի, փոխկապակցված է լինելու պետական մյուս կառույցների հետ: Բազմակողմանի տեղեկատվության ստացումը, պետի համոզմամբ, թույլ է տալու ավելի օբյեկտիվ գնահատել շահառուի կարիքները, կազմել ուղղման պլանը:
Գևորգ Սիմոնյան - Մենք ոստիկանությունից ունենալու ենք մեծ տեղեկատվություն նախկինում կատարված հանցանքների մասին կամ այլ վարքի հետ կապված որոշակի տեղեկատվությունները, որը հնարավորություն է տալու ավելի արդյունավետի իրականացվել ռիսկերի ու կարիքների գնահատումը, ունենալու ենք այլ տեղեկատվություններ ընտանիքի, կարգավիճակի հետ կապված, որը նույնպես շատ կարևոր է, որ մենք հետագայում մեր միջնորդությունների մեջ դա ներառնեք:
Թափանցիկ աշխատանքը կնպաստի նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: Շահառու-վերահսկող կապը կդառնա տեսանելի, բաց կլինի շահառուի հետ կատարվող աշխատանքը, կազմված անհատական պլանը, իրականացված միջոցառումները:
Գևորգ Սիմոնյան - Ցանկացած գործողություն, որը կատարվելու է շահառուի հետ, լինելու է տեսանելի, ավելին ասեմ. էն փաստաթղթերը, որ ներբեռնվելու են համակարգ, հնարավորություն չի լինելու էդ տեղեկատվությունը ո՛չ փոփոխել, ո՛չ ոչնչացնել կամ այլ ձևով օգտագործել:
Թվային հարթակն ունի նաև վերլուծական հնարավորություն. փորձաշրջանում գտնվող շահառուի հետ աշխատանքի արդյունավետությունը կգնահատեն, կտեսնեն բացերը, կշտկեն դրանք: Գևորգ Սիմոնյանը նշում է՝ շուտով կավարտեն տվյալների ներբեռնումը՝ համակարգում ունենալով նաև արխիվային գործեր: