Տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Ռեջեփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ կողմերը քննարկել են Թուրքիայում գազային հանգույցի ճանապարհային քարտեզի մշակման հետ կապված հարցեր։
Պուտինը և Էրդողանն անդրադարձել են նաև Ուկրաինայի և Սիրիայի շուրջ զարգացումներին: Թուրքիայի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակն Ուկրաինայում։ Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանն աջակցություն է հայտնել բանակցությունների վերսկսման, խաղաղության հաստատման, միակողմանի զինադադարի և արդար կարգավորման կոչերին։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սիրիայի հյուսիսն ահաբեկիչներից մաքրելու համար հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Էրդողանը հավելել է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Սիրիայի ղեկավարությունը պետք է քաղաքական քայլեր ձեռնարկի։ Չնայած Մոսկվայում Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպմանը և դիվանագիտական ջանքերով Սիրիայում կարգավորման անհրաժեշտության մասին այդ երկրների հայտարարություններին՝ թուրքական բանակը շարունակում է թիրախավորել սիրիայի հյուսիսային շրջանները:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ հակաահաբեկչական գործողության շրջանակում ոչնչացվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 12 ներկայացուցիչ։