Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։
«Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ Անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Իր խոսքում վարչապետն անդրադարձավ նաև ԼՂ հումանիտար հարցերով զբաղվող աշխատանքային խմբի գործունեությանը։
«2022 թվականի դեկտեմբերի 30-ին իմ որոշմամբ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ, գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։