ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԸՆՏՐԵԼ ՍՊԱՌՈՂԸ
Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն. 2023-ի առաջին նիստում գործադիրն անդրադարձավ 2022-ին ուժի մեջ մտած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, կարևոր բարեփոխումներից մեկին՝ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ցանկացած սպառող մինչև շուկայի ազատականացումը ինչ էր. բոլորն առանց բացառության, ունեին հնարավորություն գնելու էլեկտրաէներգիա մի տեղից՝ ՀԷՑ-ից: Հիմա ցանկացած սպառող կարող է գնալ և պայմանավորվել ցանկացած արտադրողի հետ և ստանալ էլեկտրաէներգիա: ՀԷՑ-ի գինը որոշում էր ՀԾԿՀ: Հիմա ցանկացած սուբյեկտ, օրինակ, մեկը գործարան ունի, կարող է գնալ, պայմանավորվել արտադրողի հետ, գինը հանձնաժողովը դերակատարում չունի, երկու սուբյեկտը պայմանավորվում են, ինչ գնով է սպառողը գնում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ամբողջ պլանավորումն ու հաշվառումը իրականացվելու են ժամային մակարդակով. Բաղրամյանը բացատրեց՝ շեղումներն էականորեն կհասցնի նվազագույնի: Էլեկտրաէներգիայի բաշխումը ու փոխադրումը բացառիկ իրավունքով իրականացնում են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, ինչը բնական մենաշնորհ է: Տեղափոխման սակագինը որոշում է հանձնաժողովը՝ մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու համար:
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Գործելու են կարգավորվող գներ: ՀԷՑ-ը ունի բաշխման լիցենզիա, սակագները սահմանվելու են, ծառայությունից բոլորն իրավունք ունեն բոլորը:
ՀԱՆՎԵԼ Է ՀՀ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ
Վարչապետի խոսքով՝ նախկինում արտադրված էլեկտրաէներգիան պետությունը պետք է անպայման գներ, շատ դեպքերում էլեկտրաէներգիայի արտադրության համար, այդ թվում՝ արևային վահանակների համար տրվում էին լիցենզիաներ. այդտեղ առաջանում էին խոչընդոտներ, մեկը կարող էր լիցենզիա ստանար, մյուսը՝ ոչ: Հիմա, ըստ նրա՝ շուկան ազատ է, ով ուզում է, կարող է էլեկտրաէներգիա արտադրել: Հանվել է Հայաստան էլեկտրաէներգիայի ներկրման ու արտահանման լիցենզիան:
Նիկոլ Փաշինյան - Հաջորդ կարևոր առանձնահատկությունը՝ Հայաստանի ներսի սպառողները և Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրողները բարդություններ չունեն սահմանափակվելու Հայաստանի շուկայից: Մեկը կարող է ավելի հարմար պայմաններ ձեռք բերել արտերկրում, տանել գործարան: Եվ հակառակը՝ արտադրողները առանց լրացուցիչ լիցենզիայի, վաճառել ՀՀ-ից դուրս:
Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման շնորհիվ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով՝ արդեն ունենք մատակարարման 12 լիցենզիա, որոնք սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։
Գարեգին Բաղրամյան - 2023-ի փետրվարի 1-ից ազատ շուկայում արդեն կլինի մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոս, 1,2 մլրդ կիլովատտ/ժամ: Չնայած այդ թիրախային ցուցանիշը, 2022-ին կամքով 16 տոկոսը մտել են շուկա:
Հաջորդը ինքնավար էներգաարտադրողների՝ տնային տնտեսություններին արևային պանելների միջոցով էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնելու վերաբերյալ բարեփոխումն է՝ նշեց Բաղրամյանը: 2018-ի 784-ի փոխարեն հիմա ունենք 9 500 ինքնավար արտադրող,-նշեց Գարեգին Բաղրամյանը: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորեց ինստիտուցիոնալ այս բարեփոխումը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի 2023-ին առնվազն 7 տոկոս աճի ապահովմանը:
ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տարվա առաջին որոշումներից հաջորդով՝ կառավարությունը ընդլայնեց անպտղության հաղթահարման ծրագրից օգտվողների շրջանակը: 2020-ից՝ այս ծրագրով ծնվել է 251 երեխա:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ծրագիրն ընդգրկում էր համեմատաբար փոքր շահառուների խումբ՝ առաջնահերթությունը, իհարկե, տալով զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, բայց այս նախագծով առաջարկում ենք, որ այսուհետև ծրագիրը բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից:
Վարչապետը նկատեց՝ պետպատվերով բոլորի համար կապահովվի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բուժման գործընթացը: Առաջնային անպտղության ցուցանիշը բարելավվել է, բայց, կա երկրորդային անպտղության ցուցանիշների աճ: Մեկ երեխա ունեցող սահմանամերձ բնակավայրերի ընտանիքները կկարողանան մասնակցել ծրագրին:
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՓԱԹԵԹԸ
Արդարադատության նախարարը ներկայացրեց ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքի ձևավորման փաթեթը: Նշեց՝ նոր գերատեսչության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար, Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները։
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ։
Նախարարն ու տեղակալները կնշանակվեն հաջորդ շաբաթ: Ներքին գործերի նախարարության ստեղծումը վարչապետ Փաշինյանը համարում է կարևոր, մասշտաբային փոփոխություն: Այս որոշումը բխում է կառավարության կառուցվածքը օպտիմալացնելու քաղաքականությունից:
Նիկոլ Փաշինյան - Երկրորդ շատ կարևոր հանգամանքը հետևյալն է, որ մենք նաև Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը. այդպիսին էր ԱԻՆ գոյության բերումով, ըստ էության, Ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում, և կա շատ կարևոր մի հանգամանք, մասնավորապես, Ներքին գործերի բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմին ենք ստեղծում մեր պատկերացմամբ:
Նախարարության կառուցվածքի մոդելը արդեն կիրառվել է Պաշտպանության նախարարությունում։ Վարչապետի խոսքով՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության պետերը միաժամանակ կլինեն ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Նաև ներքին գործերի նախարարը կունենա երկու տեղակալ:
Նիկոլ Փաշինյան - Մեր առաջադրած խնդիրը հետևյալն է՝ և՛ ոստիկանությունը, և՛ ՓԾ-ն, և Միգրացիայի, անձնագրային ոլորտում մատուցած ծառայությունները պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին: Ես նաև խնդիր եմ առաջադրել, որ օր առաջ մեկնարկի ոստիկանության և փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը, որն ունի երկու կարևոր ուղղություն՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում, նոր որակական ստանդարտների և նոր որակի ծառայության ակնկալիքը հանրության կողմից:
Աշխատավարձերի բարձրացումը պետք է պարտադիր զուգորդվի որակական նոր պահանջների և չափանիշների քաղաքականությամբ՝ հանրային միջոցներն առավելագույնը արդյունավետ ծախսելու համար՝ ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ապրիլ-մայիսից ատեստավորված աշխատակիցներն արդեն կստանան խոստացված աշխատավարձը: