Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմինը եզրակացություն է հրապարակել Հանրային հեռուստաընկերության «Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ» հաղորդաշարի 2022 թ․ հոկտեմբերի 24-ին հեռարձակված «Ողբերգության պատճառները. ինչպես խուսափել կրկնությունից» խորագրով թողարկման վերաբերյալ։
Տեղեկացնենք՝ Դիտորդ մարմինը «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի անունից (դիմող՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Հռիփսիմե Կիզոգյան) ստացել էր բողոք վերոնշյալ թողարկման վերաբերյալ։
Հաղորդման հյուրերն են եղել հոգեբան Իրինա Ծատուրյանը և Ազգային արժեքների պաշտպանության նախաձեռնության անդամ, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Հաղորդման առիթը եղել է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին 16- և 21-ամյա երիտասարդների ենթադրյալ ինքնասպանության դեպքը, որը, ելնելով նրանց կողմից Ինստագրամ սոցիալական ցանցում արված վերջին գրառումից, կապվել է երիտասարդների սեռական կողմնորոշման հետ:
Դիտորդ մարմինը դեկտեմբերի 14-ին հրավիրված առցանց նիստում քննել է «Փինք»-ի անունից ստացված բողոքը: Մարմինը եզրակացրել է՝ ֆորմալ առումով՝ ընտրված թեմայով բանավեճին հրավիրված հյուրերը համապատասխանել են հաղորդման մտահղացմանը, և այդ առումով Հանրային հեռուստաընկերությունը բավարարել է Կանոնագրի 6.1. կետը (Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից), սակայն հաղորդման ընթացքում հյուրերն արտահայտել են ոչ միանշանակ, սուբյեկտիվ տեսակետներ:
«Հաղորդման հյուրերի միակողմանի կարծիքներն էականորեն կփոխհատուցվեին, եթե հաղորդավարը միջամտեր առավել վիճահարույց պնդումներին»,- ասված է Դիտորդ մարմնի եզրակացության մեջ:
Նշվում է՝ Դիտորդ մարմինը գիտակցում է, որ բազմակարծության և խոսքի ազատության պայմաններում բարդ թեմաներին անդրադառնալիս հնարավոր չէ խուսափել սխալներից։
Նշենք՝ «Փինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված նամակում խնդրել էր հեռացնել նշյալ հաղորդման տեսագրությունը կամ հարթակ տրամադրել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված և մարդու իրավունքների սկզբունքներից բխող տեղեկատվության համար:
Դիտորդ մարմինը հիմնավորված է համարել Հանրային հեռուստաընկերության տնօրինության մոտեցումը՝ եթերից չհեռացնել որևէ հաղորդում, եթե դրանում առկա չէ օրենքի խախտում կամ տեխնիկական խոտան։
«Միևնույն ժամանակ, Կանոնագրի 6.2 (Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, և պատասխանի հնարավորություն ընձեռելու բոլոր նրանց, ում հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում), 6.3 (Ընդունել սեփական սխալները և պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք) և 6.4. (Քաջալերել հանրությանը՝ արտահայտելու ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության) կետերը ենթադրում են հեռուստաընկերության կողմից ժամկետների և ձևաչափի առումով ավելի որոշակի պատասխան «Փինք» ՀԿ-ի համագործակցության առաջարկին»,- ասված է Դիտորդ մարմնի եզրակացության մեջ: