Կառավարությունը հավանության է արժանացրել 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 150 000 000 ԱՄՆ դոլար, և ՀՀ-ի համաֆինանսավորում՝ 86 681 000 ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության արժեքը կազմում է 247 290 000 ԱՄՆ դոլար:
Նախագիծը բաժանված է 2 լոտի՝ Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և նախատեսվող Քաջարանի թունելի ելք-Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել:
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, վարկային համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ:
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում նպատակահարմար է գտնում վարկային միջոցների հասանելիության ժամկետի (մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը) երկարաձգման վավերացումը։