ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍՆԱԿ ՉԻ ԸՆՏՐԵԼ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում այսօր չորրորդ անգամ չի հաջողվել խոսնակ ընտրել: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի նաև հունվարի 6-ին: Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։
Ավելի վաղ՝ Հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չէր կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը։ Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել էր 212 ձայն, իսկ հանրապետականների առաջնորդը, չնայած իր կուսակցության վերահսկողությանը ստորին պալատում, ընդամենը՝ 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։
Իրենց առաջնորդին չսատարած 20 հանրապետական աջակցել էր կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Ջիմ Ջորդանին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամոթալի է համարել այն փաստը, որ խոսնակ ընտրելու՝ կոնգրեսականների անկարողության պատճառով Ներկայացուցիչների պալատի աշխատանքը խափանվում է։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ ԱՎԵԼԻ ՎԱՂ
Հունիսի 18-ին Թուրքիայում նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են ավելի շուտ անցկացվել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Լրատվամիջոցների տվյալով՝ որպես ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետ դիտարկվում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են նոր դավեր նյութել Ռեջեփ Էրդողանի ամենահավանական մրցակիցներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ, որին թուրքական դատարանը դեկտեմբերին դատապարտել է 2 տարի 7 ամսվա ազատազրկման՝ իբր երկրի բարձրագույն դատական ատյանի անդամների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար:
«Եթե իշխանությունները դիմեն նման հիմար քայլի, մենք կպայքարենք բոլոր հնարավոր մեթոդներով՝ այնպես, ինչպես պայքարում են բռնապետության դեմ», - ասել է Քըլըչդարօղլուն։
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐԵԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան կարող են համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսում։ Նրա խոսքով՝ դա վերջերս Մոսկվայում սիրիական կողմի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածություններից մեկն է։
Նախարարը հավելել է, որ իրավիճակի կարգավորման հարցով փորձագետների հանդիպումները շարունակվելու են:
«Անկարան պաշտպանում է իր ժողովրդի շահերը: Մեր քայլերն ուղղված չեն Թուրքիայում բնակվող սիրիացիների կամ Սիրիայի հյուսիսային շրջանների բնակիչների շահերի դեմ»,- ասել է Աքարը, հավելել, թե Թուրքիան հարգում է հարևան բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի ու Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում թուրք-ռուսական համատեղ պարեկության մասին համաձայնություն էր ձեռք բերվել 2019 թվականի աշնանը Սոչիում։ Վերջերս, սակայն, համատեղ պարեկային մի շարք գործողություններ ձախողվել էին։
ԱՄՆ-ը ԻՐԱՆԻ ՀԵՏ ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՐՑԸ
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը: Նրա խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ը պայքարում է Իրան-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության դեմ։
Արևմուտքը հայտարարում է, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք ռուսական ուժերը կիրառում են ուկրաինական ուժերի դեմ: Իրանը և Ռուսաստանը հերքում են այդ մեղադրանքները։
ՄԱԿՐՈՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԵՎԻՆ
Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ընդլայնել ռազմական օգնությունը Կիևին և անվավոր տանկեր մատակարարել Ուկրաինա։ Ելիսեյան պալատից հավելել են, որ ուկրաինական բանակին առաջին անգամ են արևմուտքում մշակված տանկեր տրամադրվում:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Կիևին թեթև տանկեր և զրահատեխնիկա տրամադրելու որոշման և այդ հարցով գործընկերների հետ աշխատանքներն ակտիվացնելու համար:
Նա նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարի հետ պայմանավորվել են գործակցել նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։