Ֆրանսիան հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակելու օգտին և դիվանագիտական կապեր է պահպանում Մոսկվայի հետ։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ես միջազգային համաժողովներում տեսել եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովին, մասնավորապես՝ Քսանի խմբի նոյեմբերյան համաժողովին։ Մենք ունենք դեսպան Ռուսաստանում և բանակցողներ, որոնք մեկնում են այդ երկիր։ Դիվանագիտական շփումներ ունենք, որոնք միշտ չէ, որ պարզ են, բայց թույլ են տալիս կարծիքներ փոխանակել, հաղորդագրություններ փոխանցել, հարցումներ անել և հուսալ, որ մեզ լսում են»,- հավելել է Կոլոննան։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոր շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա, սակայն կարծիք է հայտնել, որ դրանք հնարավոր են:
Կոլոննան նշել է, որ բանակցությունների համար հիմք կարող է դառնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը: