Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թ. մարտի 16-ին ստորագրված և փոփոխված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 նամակի ստորագրման առաջարկությանը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքվել է 10 մլն եվրոյի ֆինանսական պայմանագիր:
Ծրագրի իրականացման գործընթացով պայմանավորված՝ ֆինանսական պայմանագրի վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել է մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով:
Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի:
Ծրագրի նպատակն է նաև ապահովել Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքը` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ փոխշահավետ համագործակցության զարգացումը:
Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: