ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում այսօր չորրորդ անգամ չհաջողվեց խոսնակ ընտրել: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի նաև հունվարի 6-ին:
Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Ավելի վաղ հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չէր կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը։ Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել էր 212 ձայն, իսկ հանրապետականների առաջնորդը, չնայած իր կուսակցության վերահսկողությանը ստորին պալատում, ընդամենը՝ 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։
Իրենց առաջնորդին չսատարած 20 հանրապետական աջակցել էր կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Ջիմ Ջորդանին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամոթալի է համարել այն փաստը, որ խոսնակ ընտրելու՝ կոնգրեսականների անկարողության պատճառով Ներկայացուցիչների պալատի աշխատանքը խափանվում է։