Թուրքիայի նախագահը չի բացառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման հնարավորությունը: Այս մասին Էրդողանը հայտնել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածաշրջանային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մոսկվայում կայացել են Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների բանակցությունները։ Նախատեսվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այնուհետև կարող է տեղի ունենալ մեր անձնական հանդիպումը՝ հանուն Սիրիայում խաղաղության ապահովման»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայում այս տարվա հունիսի 18-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով՝ դրանք կարող են ավելի շուտ անցկացվել՝ «սեզոնային պայմանների» պատճառով, մասնավորապես՝ կապված հունիսին բուհերում քննությունների, կրթական հաստատություններում արձակուրդների, ինչպես նաև հանգստի սեզոնի հետ, ինչը կարող է նվազեցնել ընտրություններին մասնակցությունը։
Լրատվամիջոցների տվյալով՝ որպես ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետ դիտարկվում են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են նոր դավեր նյութել Էրդողանի ամենահավանական մրցակիցներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ, որին թուրքական դատարանը դեկտեմբերին դատապարտել է 2 տարի 7 ամսվա ազատազրկման՝ իբր երկրի բարձրագույն դատական ատյանի անդամների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար:
«Եթե իշխանությունները դիմեն նման հիմար քայլի, մենք կպայքարենք բոլոր հնարավոր մեթոդներով՝ այնպես, ինչպես պայքարում են բռնապետության դեմ»,- ասել է Քըլըչդարօղլուն: