ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում կենսաթոշակի և կենսաթոշակի կարգով տրամադրվող նպաստների վճարումը 2023 թվականի հունվար ամսվանից իրականացվում է անկանխիկ եղանակով։
Եթե քաղաքացին նախապես չի ընտրել իրեն սպասարկող բանկը, ապա ընտրությունն իր փոխարեն իրականացվել է ծրագրային մոդուլի միջոցով, որի արդյունքում պատահականորեն ընտրվել է կենսաթոշակ կամ նպաստ վճարող կազմակերպություններից որևէ մեկը։
Կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպության մասին տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am կայքէջ (հղումը՝ http://online.ssa.am/), ընտրել «Վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» կոճակը, համապատասխան դաշտերում լրացնել հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները և սեղմել «Որոնել» ստեղնը։
Որոնման արդյունքում քաղաքացին կկարողանա տեղեկանալ վճարող կազմակերպության անվանման, վճարատեսակի և այլնի մասին։
Հիշեցնենք, որ 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։