Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում աչքի հիվանդությունները տարածվածությամբ երկրորդ տեղում են՝ շնչառության օրգանների հիվանդություններից հետո: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ 2005 թվականից աչքերի հետ կապված խնդիր ունի յուրաքանչյուր 100 հազար երեխայից միջինը 5 հազարը:
Էրիկը գիտի՝ աչքերը վնասում է, եթե մեկ ժամից ավելի է նայում բջջային հեռախոսի էկրանին: Բայց, ասում է՝ միշտ չէ, որ ժամանակին կարողանում է կտրվել դրանից:
ԷՐԻԿ - Ժամը նայում եմ, տեսնում եմ, որ մեկ-մեկ չարաշահում եմ, անջատում եմ:
Բայց այդ ժամանակ արդեն աչքերը սկսում են ցավել: Ու վերականգնվելու համար կարիք է ունենում քնելու:
ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Սա իմ թոռնիկն է, բերել եմ հետազոտման, հեռախոսը չարաշահելուց նկատում ենք շլություն, ձախ աչքում, մինչև որ թույլ չենք տալիս էլ հեռախոս օգտագործել: Մի երկու ժամից վերականգնվում է: Չգիտեմ՝ հիվանդություն են այդ խաղերը հիմա, պետք է հետևել, որ չչարաշահեն: Դժվարությամբ են կտրվում հեռախոսից, բայց հետևել պետք է:
Մանկական ակնաբույժ Ինգա Սարգսյանը աչքի հիվանդությունների առկա վիճակագրությունը ձևավորող մի քանի գործոն է նշում, նախ շեշտում խնդրի վաղ հայտնաբերումը:
ԻՆԳԱ ՍԱՐԳՍՅԱՆ (մանկական ակնաբույժ, ԱՆ խորհրդատու մանկական ակնաբուժության գծով) - Այսօր ժամանակակից առողջապահությունը հիմնված է ոչ թե բուժման, այլ պրոֆիլակտիկայի վրա, մենք երեխաներին հրավիրում ենք տեղամասային պոլիկլինիկա ոչ միայն ըստ գանգատի, այլ նաև կանխարգելիչ, այսպես կոչված, պրոֆիլակտիկ ստուգումների, և երեխայի առաջին այցը ակնաբույժին լինում է 1.5 ամսականում:
Սա, ըստ մասնագետի, նպաստում է, որ խնդիրը ժամանակին հայտնաբերվի, ինչն էլ անդրադառնում է վիճակագրության վրա: Հաջորդ պատճառը մեծերի ու փոքրերի անբաժան ուղեկիցը դարձած տեխնոլոգիաներն են: Բժիշկն ընդգծում է՝ երեխային էկրանի մոտ թողնելուց առաջ պետք է հիշել, որ նրա տեսողության համակարգը ծանրաբեռնված աշխատանքի պատրաստ է լինում միայն 6 տարեկանից հետո: Նաև այդ պատճառով է, որ երեխաները դպրոց են գնում հենց այդ տարիքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ երեխաները դրսում շատ լինեն և հեռու նայեն՝ անկախ այն հանգամանքից՝ փակ տարածքում ինչքան են օգտվում էկրաններից:
ԻՆԳԱ ՍԱՐԳՍՅԱՆ - Երեխաներն այսօր ամբողջ օրը չորս պատի մեջ են, արհեստական լույսի տակ, նրանք արևի ճառագայթների տակ շատ քիչ են լինում: Մաքուր օդ շատ քիչ են շնչում և իհարկե շատ քիչ են հեռու նայում: Եվ հաճախ նաև սա է պատճառը, որ երեխան, լինելով միջին կամ մոտ տարածության մեջ, օգտագործելով տեսողությունը այդ տարածությունների մեջ, շատ հաճախ չի էլ զգում, որ ինքը վատ է տեսնում, և հետազոտելու դեպքում միայն հայտնաբերում ենք, որ երեխան ունի, օրինակ՝ կարճատեսություն:
Բժշկի խոսքով՝ տեսողական ակտիվությունը անպայման պետք է զուգորդել ֆիզիկական ակտիվության հետ՝ բակային խաղեր, սպորտ:
ԻՆԳԱ ՍԱՐԳՍՅԱՆ - Գիրքը, տետրը՝ դրանք նույնպես մոտ աշխատանք են, և պարտադիր պետք է զուգորդել ակտիվությունը հեռուն և մոտ նայելու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է՝ առկա միտումները պահպանվելու դեպքում 2050 թվականին մոլորակի բնակչության 90 տոկոսը կարճատես կլինի: Այսօր արդեն տեսողության խնդիր ունի 2.2 միլիարդ մարդ՝ մոլորակի վրա ապրողների 25 տոկոսից ավելին:
Մանկաբույժ Ինգա Սարգսյանի խոսքով՝ աչքի շատ խնդիրներ այսօր, իհարկե, լուծելի են, բայց մի բան է պայքարել թեթև հիվանդության դեմ, մեկ այլ՝ երբ գործ ունես բարդացած վիճակի հետ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան