Ալիսա Բաուն (Ռազմավարական մարկետինգային ընկերության համահիմնադիր) - Մենք նկատել էինք, որ Երևանի մետրոպոլիտենի քարտեզները շատ անհարմար են ու մի տեսակ անհասկանալի, փորձեցինք դրանք դարձնել ավելի հարմարավետ տեղի բնակիչների և հյուրերի համար:
Այս նախագիծն արվել է մետրոպոլիտենի հետ գործակցությամբ, քարտեզները դեռ բոլոր կայարաններում ու վագոններում փակցված չեն, սակայն, ըստ հեղինակների, շուտով կլինեն: Ալիսա Բաունը Ուկրաինայի հետ լարվածության ֆոնին Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան և այստեղ բիզնես հիմնել:
Ալիսա Բաուն - Մենք զբաղվում ենք ստրատեգիական մարկետինգով: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանով, մեր թիմի մի մասը Ռուսաստանում է, մասնաճյուղեր ունենք Եվրոպայում, Միացյալ Նահանգներում: Հայաստանը մեզ համար գործունեության անչափ հետաքրքիր տարածք է, հայկական շուկան սովորականներից չէ, ինչն իր հերթին մեզ համար մարտահրավեր է: Մենք հետաքրքրված ենք այստեղ աշխատելու գաղափարով, տեսնում ենք մեծ հեռանկար:
Սա արդեն Երևանի Կենտրոնում 2022-ի հունիսին բացված վենչուրային սրճարան է: Համահիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը 25 տարի գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, վերջին ամիսներին տեղափոխվել է Հայաստան և այնտեղի օրինակով փորձում է նոր մշակույթ ձևավորել:
Կարեն Գյուլբուդաղյան (վենչուրային սրճարանի համահիմնադիր) - Այն շարժը և տնտեսական զարգացումը, որ գնում ա Հայաստանում, դա նպաստում ա նման բիզնեսի բացելուն: Մեր բիզնեսը որպես առաջին վենչուրային կաֆե Հայաստանում ինքը նպաստում ա, բացի հանրային սննդի բիզնեսի, ինքը նաև մեծ նպատակ ունի, յուրահատկությունը ինչումն ա, որ ինքը համայնք ա ստեղծում իրա շուրջ, ինքը ստեղծում ա համայնքներ և՛ Հայաստանում, և՛ դրսերում:
Այցելուների մեծ մասն օտարերկրացիներ են, մեկ գավաթ սուրճի շուրջ տարբեր մասնագետներ ծանոթանում և կապեր են հաստատում, իսկ այս ժամանակահատվածը, երբ մեծ թվով օտարերկրացիների հոսք կա մեր երկիր, ըստ համահիմնադրի, ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն է, և արդեն 20 աշխատատեղ է ստեղծվել:
Կարեն Գյուլբուդաղյան - Այս շրջանը բավական յուրահատուկ ա էն առումով, որ ինքը ստեղծել ա հնարավորություն Հայաստանում, այսպես ասած՝ կրիտիկական մասսա ա ստեղծել և տեխնոլոգիական կազմակերպությունների, ստարտափների, հիմնադիրների և թիմերի, որոնք անցել են ճանապարհը դեպի Սիլիկոնյան հովիտ, իրենք ստեղծում են և զարգացնում են իրենց գործունեությունը Հայաստանում:
2022-ը Հայաստանի տնտեսության համար ակտիվ էր նաև դրսից տեղափոխված և նոր ստեղծված բիզնեսների շնորհիվ: Էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ մեծ թվով կազմակերպությունների խորհրդատվություն է տրամադրվել, և արդյունքներն այսօր տեսանելի են:
Հայկ Մարգարյան (ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Մեր ուժերով 1000-ից շատ ընկերությունների օգնեցինք, որ գան Հայաստանում հիմնեն իրենց գործառույթները՝ տեխնոլոջի տրանսֆեր օֆիսի և բիզնես աջակցման կենտրոնի շրջանակներում, տարբեր երկրներից՝ Կանադայից, ԱՄՆ-ից, բավականին շատ, իհարկե, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայից: 70 տոկոսից շատ ՏՏ ոլորտի տեխնոլոգիական ընկերություններ: Մենք շեշտը դնում ենք գիտության կոմպոնենտ ունեցող ընկերությունները, օգնել ենք, որ բացեն, և իրենց ծանոթացրել ենք պետական և մասնավոր գործընկերների հետ:
Բիզնեսների մի մասը մեր երկրում երկարաժամկետ գործունեություն է պլանավորում, քանի որ այստեղ հեշտ է աշխատելը, արտոնություններ կան՝ նշում է Հայկ Մարգարյանը, հավելում՝ ոմանք էլ հեռանում են՝ հաշվի առնելով շուկայի փոքր լինելը:
Հայկ Մարգարյան - Իհարկե աշխարհաքաղաքական իրավիճակը ազդեց այս վիճակի վրա, բայց մինչ այդ մենք նշել էինք Հայաստանում բավականին մեծ հոսք միջազգային բիզնեսների և տեխնոլոգիական ընկերությունների, որովհետև Հայաստանը տալիս է մեծ արտոնություններ: Այս վերջին մեր ծրագիրը, որ փոխհատուցում ենք մինչև 70 տոկոս աշխատավարձերը միջազգային բարձր որակավորման մասնագետների, նաև տվեց մեծ աժիոտաժ, որ էքսպերտները գան Հայաստան:
Թե՛ բիզնեսի, թե՛ պետական կառույցի կենտրոնի դիտարկմամբ՝ Հայաստանում գործունեության մեծ պոտենցիալ կա, և շահում են նրանք, ովքեր երկրի և սպառողի համար նորարարություններ են ներկայացնում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան