Հայաստանի մաքսավորները մասնագիտական տոն են նշում։ Հենց հունվարի 4-ին է՝ 31 տարի առաջ ձևավորվել մաքսային ծառայությունը։ Տոնական միջոցառմանը համակարգի ներկայացուցիչներին ՊԵԿ ղեկավարը նախ հիշեցրեց, թե այսօր իրենցից ի՞նչ են ակնկալում բիզնեսը, քաղաքացին ու պետությունը։
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Բանաձևը պարզ է․ պետք է հնարավորինս անտեսանելի մաքսային վարչարարություն իրականացնենք, հնարավորինս հարմարավետ մեր քաղաքացիների ու տնտեսվարողների համար բոլոր մաքսային ընթացակարգերը անցնեն։ Չմոռանանք նաև, որ տնտեսական անվտանգությունը մեր հիմնական գործառույթն է, և բոլոր իրավախախտումների դեպքերին պետք է կարողանանք արձագանքենք ու մեր ցուցանիշները բարելավենք:
Ցուցանիշների փոփոխությունն առաջինը ֆիքսող ՊԵԿ-ի վիճակագիրներն օրվա պարգևատրվողների ցանկում էին։ Ներմուծում-արտահանում-մաքսային վճարների գանձում՝ բոլոր թվերը Վարդան Մաթևոսյանի ձեռքի տակով են անցնում արդեն 24 տարի։ Նա, ի դեպ, Մաքսայինի ֆինանսական մուտքերի սեփական վերլուծությամբ էր հավաքին եկել։
Վարդան Մաթևոսյան (ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ) - Պարգևատրվեցի Պատվավոր մաքսային ծառայողի կրծքանշանով, մենք 99 թվականին 56 մլրդ ենք ընդամենը գանձել, մինչև էս տարի մենք մենակ դեկտեմբերին 96 մլրդ եկամուտներ ենք գանձել՝ մաքսային մարմինների մասին է խոսքը:
Տոնի առիթով, շնորհակալագրերից բացի, ՊԵԿ-ի մոտ 5 տասնյակ աշխատակից խրախուսվեց մաքսայինի կրծքանշանով և հատուկ-արտահերթ կոչումներով՝ գնդապետից մինչև ավագ լեյտենանտ։ Նրանցից մեկը Բավրայի սահմանին մաքսանենգ բեռների տեղաշարժը զսպող տեսուչ Մկրտչյանն է, համառորեն չասաց, թե հատկապես ինչ դեպք կանխելու համար են իր ուսադիրները բարձրացնում։
Գրիգոր Մկրտչյան (ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակից) - Իրավունք չունեմ գործողությունների բացահայտման համար հրապարակելու, անմիջական ղեկավարության կողմից հրաման չունեմ բացահայտելու:
Համակարգն ունի ձեռքբերումներ, բայց նաև՝ մարտահրավերներ ու վերացման ենթակա բացասական դրսևորումներ․ պետք է տեսնենք, թե ինչպե՞ս ենք բարելավելու իրավիճակը՝ ներկաներին ասաց ՊԵԿ նախագահը։ Սկսվող նոր տարվա աշխատանքային թիրախները ներկայացրեց Մաքսային բլոկի պատասխանատուն․ ընդհանուր վերցրած՝ շարունակելու են վարչարարությունը պարզեցնելու, նախնական հայտարարագրմամբ երկիր մտնող բեռները անմիջապես սահմանից, առավելագույնը 3 ժամում, առանց լրացուցիչ վճարների բաց թողնելու քայլերը։
Ծովինար Սողոմոնյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - 23 թվականը լինելու է նախնական հայտարարագրման համակարգի ընդլայնման տարի։ Բացի դրանից, էական փոփոխություններ են նախատեսվում օրինապահ տնտեսվարողների նկատմամբ, նրանք էդ փոփոխությունները կզգան իրենց վրա սահմանահատման գործընթացի ժամանակ:
Ըստ Ծովինար Սողոմոնյանի՝ մաքսային փոփոխությունների առաջին փուլի արդյունքը բիզնեսը կզգա տարվա առաջին եռամսյակի ավարտին։