Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը 2023 թ. կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես այն կմեկնարկի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, և կանցկացվի մինչև հունիսի 13-ը։ Ի դեպ, տարին հոբելյանական է. 2023 թ. նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։
Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան դաշնակահարներ՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. ապրիլի 30-ը:
Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։