Շենգավիթ վարչական շրջանում Շիրակի փողոցի այս հատվածը վտանգավոր է ոչ միայն քաղաքացիների, այլև վարորդների համար: Հետիոտնային անցումները հեռու են, և բնակիչներից շատերը չեն օգտվում դրանցից, պատճառաբանում են՝ հատկապես ցուրտ եղանակին դժվար է մոտ կես կիլոմետր քայլելը:
- Էս փողոցն անցնելը դարձել ա անհնարին, ուղղակի բախտի քմահաճույքի՝ կամ կանցնեն, կամ չեն անցնի, անցում չկա:
Պարեկային ծառայությունը խնդրին տեղյակ է: Հենց դրա համար ճանապարհային ոստիկանները այս փողոցով հաճախ են անցում: Խնդիրն արձանագրում են, քաղաքացիներին հորդորում՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
- Հարգելի՛ քաղաքացիներ, օգտվե՛ք հետիոտնային անցումներից:
Մանկապարտեզ կա, ստեղ դպրոց կա, որ էս կողմից ավելի շատ ա շարժը: Չենք կարողանում, տատիներին ես եմ անձամբ օգնում, զիբիլ են թափում, անհանգիստ, չենք կարողանում փողոց անցնել:
Հնարավոր վթարներից, դժբախտ պատահարներից խուսափելու համար բնակիչները նոր անցում են պահանջում: Ասում են՝ այդ հարցով բազմիցս դիմել նաև քաղաքապետարան, նամակներ ուղարկել. դեռ արձագանք չեն ստացել:
- Ամեն տարի ստեղ պարտադիր մարդ ա ընկնում ավտոյի տակ: Ուղիղ կես ժամ կանգնում ենք՝ էսքան տեղն անցնելու համար: Սենց դպրոց ա իջնում, ընենց դպրոց ա, բա էդ ֆուռերը որ անցնում են: Ֆուռերի էդ պահն ամբողջ փողոցը պռոպկա ա:
Երևանի քաղաքապետարանում խնդրին ծանոթ են: Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը մեքենաների ակտիվությունը կապում է Արգավանդը Շիրակի փողոցին կապող նոր կամրջի գործարկման հետ. արդյունքում մոտ 40 տոկոսով ավելացել է ճանապարհի ծանրաբեռնվածությունը: Հայկ Սարգսյանը վստահեցնում է՝ մինչև գարուն այդ հատվածում հետիոտնային կանչով երեք լուսացույց կտեղադրվի:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Շրջանաձև երթևեկությունից մինչև Արարատյան խաչմերուկ բացի այն, որ կկահավորվեն հետիոտնային կանչ ռեժիմով լուսացույցեր որոշակի հատվածներում, քննարկումներ են իրականացվում, որ կարգելվի նաև տրանսպորտային միջոցների կանգառ-կայանումը, որպեսզի տրանսպորտի թողունակությունը մի փոքր բարելավվի էդ հատվածում:
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ Շիրակի փողոցում հետիոտնային երեք անցումների նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության, և դրական եզրակացություն ստանալուց հետո մրցույթ կհայտարարվի: