ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՌԱՆՑ ԽՈՍՆԱԿԻ Է ՄՆԱՑԵԼ
Հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կրկին չի կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ թեկնածու Հակիմ Ջեֆրիսը ստացել է 212 ձայն, իսկ հանրապետականների առաջնորդը, չնայած իր կուսակցության վերահսկողությանը ստորին պալատում, ընդամենը՝ 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։
Իրենց առաջնորդին չսատարած 20 հանրապետականներ աջակցել են կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Ջիմ Ջորդանին:
Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1923 թվականին։ Այդ ժամանակ խոսնակ ընտրելու համար պահանջվել է քվեարկության ինը փուլ: Այս անգամ ընտրությունները նույնպես կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից մեկը ստանա բավարար թվով ձայներ։
ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Բուլղարական և թուրքական գազային ընկերությունները համաձայնագիր են ստորագրել, որը բուլղարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մուտք տրամադրել թուրքական ընկերության տերմինալներ և գազափոխադրման ցանց: Պաշտոնական արարողությանը մասնակցել են երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ռոսեն Խրիստովը և Ֆաթիհ Դոնմեզը:
«Բուլղարիան հնարավորություն է ստանում բնական գազ գնել համաշխարհային բոլոր արտադրողներից և բեռնաթափել այն Թուրքիայում, ինչը մեզ համար շատ հարմար է, համաձայնագրի շնորհիվ լուծվել է հեղուկ գազի բեռնաթափման ենթակառուցվածքի պակասի խնդիրը»,- ասել է Խրիստովը։
Դոնմեզը հայտնել է, որ գազային համաձայնագիրը ստորագրվել է 13 տարով, յուրաքանչյուր տարի կապահովվի 1,5 մլրդ խմ գազի տարանցումը, ինչպես նաև դեպի Եվրոպա ու Բուլղարիա մատակարարումների անվտանգությունը զգալի չափով երաշխավորված կլինի։
ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ֆրանսիայի նախագահը Փարիզում ընդունել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստենսոնին։ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան որքան հնարավոր է շուտ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Մենք կքննարկենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը ես ցանկանում եմ, որ տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։ Այդ առումով Ֆրանսիան հայտնում է իր համերաշխությունն ու աջակցությունը»,- հայտարարել է Մակրոնը շվեդ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ։
Ղեկավարները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում, դրանից բխող ճգնաժամերը ԵՄ-ում: Անդրադառնալով ճգնաժամերին և Ուկրաինայի հարցին՝ Կրիստենսոնն ասել է. «Շվեդիան ԵՄ նախագահությունը ստանձնելու է շատ բարդ ժամանակահատվածում: Ուկրաինայի հաղթանակը գոյաբանական է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար: Սակայն նաև առերեսվում ենք էներգիայի և կլիմայի ճգնաժամերին, ահագնացող գնաճին, ինչպես նաև Եվրոպայի երկարաժամկետ մրցունակությունն ապահովելու խնդիրներին»:
Մաքուր էներգիայի մասին Կրիստենսենը նշել է, որ իր երկիրը կարող է յուրացնել միջուկային էներգետիկայի ոլորտում Ֆրանսիայի ունեցած փորձը, որով շատ տպավորված է: