Հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունների երրորդ փուլի արդյունքներով կրկին չի կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ թեկնածու Հակիմ Ջեֆրիսը հավաքել է 212 ձայն, իսկ հանրապետականների առաջնորդը, չնայած իր կուսակցության վերահսկողությանը ստորին պալատում, ընդամենը՝ 202 ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ 218 ձայն։
Իրենց առաջնորդին չսատարած 20 հանրապետականներ աջակցել են կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Ջիմ Ջորդանին:
Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1923 թվականին։ Այդ ժամանակ խոսնակ ընտրելու համար պահանջվել է քվեարկության ինը փուլ: Այս անգամ ընտրությունները նույնպես կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև թեկնածուներից մեկը հավաքի բավարար թվով ձայներ։