ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին և հետաքրքրվել, թե արդյոք առկա է վտանգը, որ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ոչ մի արդյունքի չեն հասնի, և կողմերը նորից կվերադառնան առճակատման:
Մամուլի խոսնակը պատասխանել է. «Մենք շարունակում ենք պահպանել մեր հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Շարունակում ենք երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և միջազգային կազմակերպությունների միջոցով, օրինակ՝ ԵԱՀԿ-ի, հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար:
Նեդ Փրայսը հիշեցրել է, որ պետքարտուղար Բլինքենը երկու անգամ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում և Նյու Յորքում, և վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի այդ տեսլականը։
«Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք առաջընթաց գրանցեն։ Այդ մենք չենք որոշելու, թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը: Դա ծանր աշխատանք է, որը պետք է անի երկու կողմը»,- ասել է մամուլի խոսնակը:
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը նախատեսո՞ւմ է ուժեղացնել իր ջանքերը հիմա, երբ Ռուսաստանի և Բրյուսելի միջնորդական ջանքերը ոչնչի չհանգեցրին, Փրայսը պատասխանել է.
«Մենք շարունակ համագործակցել ենք և կշարունակենք համագործակցել կողմերի հետ երկկողմ, եռակողմ մակարդակներում, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնել այդ վերջնական վիճակին»: