ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հերթական ճեպազրույցի ընթացքում լրագրողը հետաքրքրվել է Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիի առաքելության մասին: Նա հիշեցրել է սենատոր Շումերի վերջերս արված հայտարարությունը, ըստ որի՝ Թրեյսիին հանձնարարվելու է դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Փրայսը պատասխանել է. «Թրեյսիի թեկնածությունը հաստատվեց անցյալ տարվա վերջին: Ես գիտեմ, որ դեսպանը մեծ անհամբերությամբ է սպասում Մոսկվայում իր պաշտոնը ստանձնելուն, և նա հիանալի կղեկավարի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը: Թրեյսին օտար չէ Մոսկվային: Նա նախկինում աշխատել է որպես առաքելության ղեկավարի տեղակալ և մեկն է, ով շատ լավ է տիրապետում երկկողմ հարաբերություններին: Այսպիսով, մենք անհամբեր սպասում ենք նրան այդ պաշտոնում:
ԱՄՆ դեսպանները ներկայացնում են երկիրն ամբողջ աշխարհում, բայց Ռուսաստանի դեպքում նրանց դերը շատ ավելի կարևոր է, որպեսզի պահպանենք հաղորդակցության ուղիները: Կարծում ենք, որ դրանք շատ կարևոր են լարվածության, հատկապես հակամարտությունների ժամանակ, ինչպիսին հիմա է: Այսպիսով, ես գիտեմ, որ առաջիկա օրերին նա հնարավորություն կունենա ժամանել Մոսկվա և սկսել ղեկավարել առաքելությունը, ինչին շատ է ձգտում»: