Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան 2 դեպք է գրանցվել:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Պացիենտները եղել են 35 տարեկան, ընդ որում՝ նրանցից մեկն ունեցել է քրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում, այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում:
Աբովյանի խոսքով՝ հանրապետությունում այս պահին առկա է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ հիմնականում շրջանառվում է գրիպի H3N3 ենթատեսակը, ՌԴ-ում և Հայաստանում գերակշռում է H1N1-ը. այն առավել խոցելի է երեխաների համար:
Ռոմելլա Աբովյան - Ամսի 3-ի դրությամբ ունենք հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ, որոնցից գրեթե 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ունենք 55 պացիենտ, որոնցից 47-ը ևս 0-18 տարեկան երեխաներ, և հիվանդանոցների բաժանմունքներում ունենք հոսպիտալացված 584 պացիենտ, որոնցից 96 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները:
Ռոմելլա Աբովյանը նշում է՝ Հայաստանն ապահովված է H1N1 վիրուսի բուժման համար անհրաժեշտ դեղորայքով:
Ռոմելլա Աբովյան - Այդ դեղորայքի՝ առաջիկա 48 ժամվա օգտագործման դեպքում կարող ենք կանխել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը, այդ թվում՝ մահերը։
Մասնագետի խոսքով՝ մանկական հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված: Գրիպից զատ ակտիվացել են մանկական այլ վիրուսներ:
Սերգեյ Սարգսյան (Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու) - Մասնավորապես, այսպես կոչված, էռեսո վիրուսը, որը հենց հոսպիտալացումների զգալի տոկոսն է կազմում, որը առաջացնում է երեխաների մոտ թթվածնային քաղց և համապատասխանաբար թթվածին տալու անհրաժեշտություն, և զգալի տոկոսը, ոչ պակաս քան մոտավորապես 1/3-րդը, կազմում են հոսպիտալացվածների շրջանում այդ վիրուսով հիվանդացածները:
Սարգսյանի խոսքով՝ այս պատկերը ոչ միայն Հայաստանում է, այլ նաև արևմտյան երկրներում: Մասնագետները նշում են՝ Հայաստանն ապահովված է բավարար քանակի պատվաստանյութերով:
Ռոմելաա Աբովյան - Առկա պատվաստանյութերի 74 տոկոսը արդեն իսկ սպառված է, այսինքն՝ բնակչությունը բավականին ակտիվ գնում է պատվաստումների:
Աբովյանը ևս մեկ անգամ հորդորում է սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով են դիմում, ինչի պատճառով պացիենտին փրկել չի ստացվում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան