Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել հունիսի 18-ին երկրում նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխությունը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Այն ամենը, ինչ քննարկվում է հասարակության մեջ, այսպես թե այնպես մեր օրակարգում է»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հունվարի 2-ին լրագրողներին ասել էր, որ ընտրությունների ամսաթիվը կարող է տեղափոխվել։ Նրա խոսքով՝ Էրդողանի գլխավորած կուսակցությունը տարբեր տարբերակներ է դիտարկում։
Ընտրությունների հնարավոր ժամկետներն են ապրիլի 30-ը, մայիսի 7-ը կամ 14-ը։
Իշխող «Ժողովրդական դաշինքը», որի մեջ ԱԶԿ-ի հետ մտնում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը լինելու է իրենց միակ թեկնածուն։ Ընդդիմությունը դեռ չի նշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին: