Լորդ Դևիդ Ալթոնն իր կայքում ներկայացրել է բրիտանացի մի խումբ քաղաքական գործիչների և հոգևորականների հայտարարությունը:
«Հետևյալ հայտարարությունը տարածել են բարոնուհի Քերոլայն Քոքսը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս, լորդ Ռոուեն Ուիլյամսը, Լիվերպուլի լորդ Դևիդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսվորթը, դոկտոր Ջոն Էյբները ու պատգամավոր Թիմ Լոութոնը:
Մենք հրատապությամբ գրում ենք միջազգային հանրության ողբալի ձախողման մասին՝ լուծելու պատմական հայկական հողում հայ ժողովրդի դեմ ադրբեջանական կողմի չդադարող ահաբեկչական պատերազմը՝ 21-րդ դարում միջնադարյան ոճի պաշարմամբ, որը շարունակվում է նաև 2023 թվականին։ Լեռնային Ղարաբաղը Ստալինը հանձնեց Ադրբեջանին: Ուկրաինայում տեղի ունեցող սարսափներով կլանված լրատվամիջոցների վիրտուալ լռությունը թույլ է տալիս, որ սարսափելի վայրագություններ տեղի ունենան:
Ադրբեջանը փակել է Հայաստանին կապող միակ միջանցքը, որը հասանելի է դարձնում անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի, ինչպես նաև իրենց ընտանիքներից բաժանված մարդկանց տեղափոխությունը:
Առաջին անհրաժեշտության պարագաների սուր պակասը լուրջ մտահոգություն է առաջացնում, և կյանքի համար կարևոր բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով արդեն մահեր են եղել:
Միջազգային իրավունքի համաձայն՝ գոյություն ունի պատասխանատվություն Ցեղասպանության կանխատեսման և կանխարգելման, զոհերի պաշտպանության և ագրեսորին պատժելու հարցում։
Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների դատապարտմանը, լրատվամիջոցները փաստացի լռում են Ադրբեջանի այս բռնությունների մասին, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանության քաղաքականությունը:
Մենք կոչ ենք անում միջազգային առաջնորդներին շտապ միջամտել այս սարսափելի ողբերգությանը և հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանության հանցագործ բնույթը»: