44-օրյա պատերազմի մասնակից Գալուստ Շահբազյանը վիրավորում ստացած զինծառայողներից մեկն է, որը պատերազմից հետո վերականգնողական բուժում է ստացել Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Պատերազմից հետո շուրջ 300 զինծառայող կենտրոնում ստացել է վերջույթների, ողնուղեղի, գլխավոր տրավմաներով պայմանավորված վերականգնողական բուժում:
Նարինե Զարիբեկյան (Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի վերականգնող բժիշկ) - Սկզբնական շրջանում, բնականաբար, շատ ծանր են եղել և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վիճակը: Աստիճանաբար, տարին մեկ-երկու անգամ մեզ մոտ լինելով՝ արդեն բավական թեթև վիճակում են: Ներկայումս ունենք երկու զինվոր, որ, արդեն տեսաք՝ որքան թեթև են իրենց վնասվածքները, կարծեք թե արդեն չեն երևում:
Պետական բյուջեից 2021-2022 թթ. 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացվել։
Մեկ անձի վերականգնողական մեկ կուրսի կազմակերպման համար փոխանցվել է միջինը 330 հազար դրամ: Պետպատվերի շրջանակում սպասարկվել է 4000 դեպք։ Պետությունը, կարևորելով զինվորներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման անհետաձգելիությունը, նրանց բուժումը կազմակերպում է առանց հերթագրման և առանց գումարի սահմանափակման:
Ահարոն Բարսեղյան (ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ) - Այսինքն՝ եթե այլ դեպքերում հնարավոր են հերթերի գոյացումներ, ապա այստեղ հերթերի գոյացումը կարող է պայմանավորված լինել միայն բուժհաստատության թողունակությամբ, մահճակալային ֆոնդով: Այսինքն՝ այստեղ ֆինանսական հասանելիության կամ ֆինանսական անմատչելիության կամ ֆինանսական հիմքերով հերթագրման իրականացման որևէ պայման որպես այդպիսին չկա:
Վիրավոր զինվորներին վերականգնողական ծառայություն մատուցում է 9 կենտրոն՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Աստիճանաբար ընդլայնվում է այդպիսի հաստատությունների աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով ծառայությունները ավելի հասանելի դարձնել մարզերում բնակվող վիրավոր զինվորներին:
Քնար Ղոնյան (ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ) - Եթե Երևան քաղաքում մենք, ըստ էության, հասանելիության խնդիր չունենք, մարզերում մենք դեռևս ունենք վերականգնողական բուժման ծառայությունների կազմակերպման կարիք, այն մարզերում, որտեղ նման ծառայությունները մեր տղաների համար դեռևս նախատեսված չեն:
Մի քանի ամիս առաջ Վանաձորում բացվել է նոր վերականգնողական կենտրոն, այդպիսիք կան նաև Շիրակի և Արագածոտնի մարզերում: Արդեն նախանշվել են 2023 թվականի միջոցառումները՝ վիրավոր զինծառայողների վերականգնողական գործընթացը կազմակերպելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան