2022 թվականին ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքով հարկային արտոնության հավաստագիր են ստացել 1430 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որը նախորդ վեց տարիների համեմատ ավելի է 360-ով։
2015-2021 թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից օգտվել են 1070 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր. 2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն, 2016-ին՝ 103 ընկերություն, 2017-ին՝ 270, 2019-ին՝ 230, 2020 թվականին՝ 192, իսկ 2021-ին՝ 210 ընկերություն:
Սերգեյ Մուրադյան (ՏՏ ընկերության լիազոր ներկայացուցիչ) - Ի՞նչ նպատակ էր հետապնդում տվյալ օրենքը. որպեսզի Հայաստանում զարգացող ոլորտը հարկային արտոնությունների միջոցով գա հարկային դաշտ, այսինքն՝ բիզնեսը հայտարարագրի, բիզնեսը գրանցի, և ըստ էության դա բավականին մեծ աշխուժություն առաջացրեց, և տարեցտարի և՛ օրենքի իրազեկման տեսանկյունից, և՛ կիրառության տեսանկյունից արդեն իսկ սկսեցին օգտվել բավականաչափ շատ ընկերություններ:
Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար գործում է շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագրման կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ պետական գրանցման պահից սկսած 3 ամսվա ընթացքում:
Սերգեյ Մուրադյան - Ինչի՞ եմ ասում, որ անցել են տարիներ, և պետք է որոշակի առումով վերանայել նաև տվյալ օրենքը, քանի որ այս պահին Վրաստանը ըստ էության առաջարկում է մրցակցային դրույքաչափեր եկամտային հարկի գծով, և Հայաստանը նույնպես այս ուղղությամբ քայլեր է անում, որպեսզի ապահովի մրցակցություն Վրաստանին: Բացի էդ, կա սահմանափակում Հայաստանում հարկային արտոնություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ, որ նրանք մինչև 30 աշխատող կարող են ունենալ, Վրաստանում այդ սահմանափակումը չկա, և եթե մենք այդ վերին շեմը հանենք, ապա ամեն ինչ շատ ավելի նպատակահարմար կլինի:
2022 թվականին հարկային արտոնության հավաստագիր ստանալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ավելի շատ դիմել են օտարերկրյա հիմնադիր ունեցող ընկերությունները:
Իրինա Շմելյովա (ՏՏ ընկերության տնօրեն) - Հայաստանում ավելի հեշտ ու արագ ստացվեց ընկերությունը բացելու գործընթացը, քան եվրոպական երկրներում է ստացվում: Երբ մենք դիմեցինք նախարարությանը՝ արտոնություն ստանալու համար, գրեթե մեկուկես ամիս անց հաստատեցին դիմումը:
Մասնագետների կարծիքով՝ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հարցում օտարերկրյա մասնագետների հոսքը կարևոր դեր ունենում է, սակայն ընդհանուր առմամբ երիտասարդների շրջանում մեծացել է ոլորտի գրավչությունը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան