ՉԺՀ-Ն ԵՎ ՌԴ-Ն 2023-ԻՆ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
Չինաստանը և Ռուսաստանը 2023 թվականին կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Նոր տարում երկու երկրները կամրապնդեն փոխանակումները բոլոր մակարդակներում, որպեսզի նպաստեն երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»,- հայտարարել է Մաո Նինը:
Նա չի հստակեցրել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի` Ռուսաստան այս տարի նախատեսվող այցի ժամկետը։
ԹՈՒՐՔԻԱՆ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում դրական լուծում է ակնկալում, հակառակ դեպքում կարող է դիմել ռազմական ինքնաթիռների իր պահանջները բավարարելու այլընտրանքային տարբերակների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ Կոնգրեսը գործարքի հաստատման գործընթացը կսկսի հունվարին։ Դա բխում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից։ Հակառակ դեպքում մենք հնարավորություններ և վճռականություն ունենք` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ազգային անվտանգության շրջանակներում մեր կարիքները հոգալու համար», - ասել է Քալընը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Արդյունքում մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը կգործի ռացիոնալ, այլ ոչ թե կառաջնորդվի այսրոպեական քաղաքական շահերով», - նշել Է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:
ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ ԱՄՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան այս պահին չեն քննարկում համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերի ներգրավումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի արդյունավետ զսպումն ապահովելու նպատակով՝ Վաշինգտոնն ու Սեուլը բանակցություններ են վարում ամերիկյան միջուկային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև դրանց գործողությունները միասին պլանավորելու հարցերով:
Ավելի վաղ կողմերը նշել էին, որ հակամարտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է Կորեական թերակղզում տեղակայել ռազմավարական միջոցներ, այդ թվում՝ ժամանակակից ավիացիա, սուզանավեր և ավիակիր խմբեր:
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏՎԵԼ ՊԵԼԵԻՆ
Բրազիլիայի Սանտուս քաղաքի համանուն ակումբի «Վիլա Բելմիրո» մարզադաշտում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել լեգենդար ֆուտբոլիստ Պելեին:
Հրաժեշտի արարողությունը տևել է մեկ օր։ Հազարավոր մարդիկ Բրազիլիայի ազգային հավաքականի 10 համարի մարզաշապիկով կամ «Սանտուս» ակումբի համազգեստով, որի կազմում Պելեն անցկացրել է իր կարիերայի հիմնական մասը, եկել են հարգանքի տուրք մատուցելու լեգենդին։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին՝ Սան Պաուլոուի մասնավոր կլինիկայում՝ 82 տարեկան հասակում։ Նրա մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։