Այս տարվա հունվարի 1-ից եկամտային հարկը նվազել է ևս մեկ տոկոսով՝ հասնելով 20-ի: Սա 2020-ից մեկնարկած աստիճանական նվազման վերջին փուլն է: Միևնույն ժամանակ այս տարի կուտակային կենսաթոշակային համակարգի համամասնությունը կհավասարվի՝ պետության մասնաբաժինը կես տոկոսով կնվազի և նույնքան կավելանա քաղաքացունը. այսպիսով պետությունն ու քաղաքացին կվճարեն 5-ական տոկոս:
Օրի Ալավերդյան (ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Մենք ունենք մոտ 450 հազար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից քաղաքացիներ, ինչը նշանակում է, որ իրենց համար բեռի նվազեցումը 2023 թվականից լինելու է 0,5 տոկոսի չափով... իսկ մնացած մեր քաղաքացիները, որոնք պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չեն, նրանց համար, բնականաբար, 1 տոկոսային կետով նվազեցում է լինելու:
Եկամտային հարկի 1 տոկոս նվազեցումը 12,5 մլրդ դրամով կպակասեցնի պետբյուջե մուտքերը: Օրի Ալավերդյանը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ այս ռեֆորմին զուգահեռ բարձրացրել էր ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:
Օրի Ալավերդյան - Մենք եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում ունեինք նույն ժամանակացույցով մեկը մյուսին մեր ակնկալիքներով փոխհատուցելու են կամ չեզոքացնում են:
2023-ին, երբ արդեն եկամտային հարկի նվազեցման վերջին փուլն է՝ Օրի Ալավերդյանն ընդգծում է՝ ռեֆորմն արդարացված է և ազդեց նաև տնտեսության ակտիվացման վրա:
Օրի Ալավերդյան - Կարծում եմ, որ ինքն իր ազդեցությունը թողել է բնականաբար դրական առումով, որովհետև մենք տեսնում ենք նաև գրանցված վարձու աշխատողների թվաքանակի աճ, իհարկե, այդտեղ տարբեր գործոններ կան նաև ազդող, բայց այս գործոնը դրանց շարքում է:
Նշենք, որ վերջին տվյալով` 2022-ի նոյեմբերին Հայաստանում ավելի քան 701 հազար գրանցված աշխատատեղ կա, որոնց միջին չհարկված աշխատավարձը 265 հազար դրամ է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան