Շիրակի մարզի Գյումրու 10-րդ հիմնական, Հարթաշենի հիմնական և Նահապետավանի միջնակարգ դպրոցների ճաշարանների աշխատանքը կասեցվել է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսհաստատություններում ստուգումներ իրականացնում է ինչպես տարեկան ծրագրի հիման վրա, այնպես էլ արտապլանային՝ քաղաքացիներից և տեղական մարմիններից ստացած դիմում-բողոքները հաշվի առնելով:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Շիրակի մարզի 21 դպրոցներում է իրականացվել, հիմնականում ՏԻՄ-երից ստացված դիմումների հիման վրա: Եվ դրանցից 3-ը կասեցվել են՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով:
Ստուգայցերի արդյունքում միայն 2 դպրոցում խախտումներ չեն արձանագրվել. մյուս 16-ում չնայած ճաշարանի աշխատանքը չի կասեցվել, սակայն 50-300 հազար դրամ տուգանք է սահմանվել: Անուշ Հարությունյանը նշում է՝ երկրի բոլոր հանրակրթական դպրոցները դեռ 2019-ին տեղեկացվել են չափորոշիչների մասին, սակայն դրանք հազվադեպ են պահպանվում:
Անուշ Հարությունյան - Լինում են հիմնականում մակնշման անհամապատասխանություններ, սննդամթերքի հետ կապված խնդիրներ են լինում և աշխատակիցների սանգրքույկների բացակայություն:
Գրանցվել են նաև սանիտարահիգիենիկ պահանջների ու սառնարանային պահման պայմանների խախտումներ, նաև՝ առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթերի սննդամթերքի օգտագործում: Խախտումները վերացնելու համար ուսումնական հաստատություններին ժամանակ է տրվել: Գյումրու 10-րդ հիմնական դպրոցի տնօրենի խոսքով՝ խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանք է տարվում:
Լիանա Վարդանյան (Գյումրու 10-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Երբ արձակուրդները ավարտեն և ամսի 9-ին երեխաները հաճախեն դպրոց, բոլոր թերությունները մենք վերացրած կլինենք, նույնիսկ ավելի վաղ:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը այս տարի ստուգումների ծրագրերում նաև այլ դպրոցներ է ընդգրկելու՝ արդեն հանրապետության այլ մարզերից:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան, Քրիստինա Մկրտչյան