Էական չէ՝ մեկնում եք Հայաստանից թե ժամանում՝ արգելված ապրանքների մուտքն ու ելքը խիստ հսկողության տակ է. ՊԵԿ արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն արդեն նոր սարքավորումներով են հսկողությունն ու զննումն իրականացնում: «Զվարթնոց» օդանավակայանում տեխնիկական վերազինում է իրականացվել:
Հայկ Մանուչարյան (ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության առաջին բաժանմունքի պետ) - Սարքավորումները, որպես կանոն, ռենտգենյան զննող սարքավորումներ են, որոնք նախատեսված են բացառապես ուղևորների մաքսային հսկողության, ուղեբեռների մաքսային հսկողության համար, ինչպես նաև համալրվել է ուղևորների մաքսային հսկողության բաժինը նոր մետաղորսիչ սարքավորումով, որը տալիս է մեզ հնարավորություն՝ գտնելու ուղևորների մոտ հնարավոր թաքցրած այնպիսի իրերը, որոնք որ մաքսային հսկողության տեսանկյունից կարող են հետաքրքրություն առաջացնել:
Նոր սարքավորումները տեղադրված են անհրաժեշտ բոլոր սրահներում: Ռենտգեն սարքը ցույց է տալիս գրեթե ամեն ինչ. դա օգնում է արագ հայտնաբերել, թե որտեղ ինչ է թաքցրած:
Հայկ Մանուչարյան - Արդյունավետության տեսանկյունից բավականին արդյունավետությունը բարձրացել է՝ սարքավորումների կիրառման պարագայում, որովհետև սարքավորումների միջոցով ստանում ենք պատկերներ, պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային հսկողության տեսանկյունից բավականին հետաքրքիր էլեմենտներ են ի հայտ գալիս, որը հետագայում իրացնելով կարողանում ենք մաքսային հսկողության արդյունավետությունը ապահովել և բարձրացնել: Այս պահին արդեն ունենք որոշակի արդյունքներ՝ այս տարվա ու նախորդ տարվա համեմատ դրական տեղաշարժ ունենք, որը նաև ուրախացնում է և պարտավորեցնում:
Նոր սարքերով մաքսավորներն արդեն մի շարք խախտումներ ու օրենքը շրջանցելու դեպքեր են բացահայտել: Վստահեցնում են՝ իրենց աշխատանքը լավ կատարելու նոր ու ավելի լայն հնարավորություններ են ստացել: Դա նաև քաղաքացիներին է ստիպում ավելի զգոն լինել: Սարքավորումները ՊԵԿ-ին նվիրաբերել է «Ռապիսկան» ընկերությունը: Եվ եթե նախկինում մեկ ուղևորի զննումը մեկ րոպե էր տևում, հիմա դրանից քիչ ժամանակում կարողանում են երկու ուղևորի զննել: