Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ:
Օրակարգում են եղել Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարն ընդգծել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Արդյունքում ընկերությունների ներկայացուցիչները հնչեցրել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ՝ ուղղված խնդիրների՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը:
Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը: