Երևանից ոչ հեռու, Աբովյան չհասած՝ Բալահովիտի այս ազատ տարածքում, առաջիկայում նոր ավան կկառուցվի: 8 առանձնատուն, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող զինվորների համար է լինելու, հարմարեցված նրանց՝ 44-օրյայից հետո փոխված կյանքի պայմաններին:
Մինչև 2020-ի հոկտեմբերը Անդրանիկը բանակի սպա էր, ողնուղեղի հրազենային վնասվածքը մայոր Մարգարյանը Ջրականի մարտերում ստացավ: 3 երեխաների հայրը հիմա անվասայլակին է, բայց արարելու ցանկությունը դրանից չի պակասել: Սեփական տանիքն ունենալու միտքը, ասում է, իրեն ու իր բախտակից ընկերներին Բալահովիտ է տանելու: Դեռ վերականգնողնական բուժման օրերին նստում էին, քննարկում. արդյունքում ծնվեց տուն կառուցելու գաղափարը, և 8 ընտանիքով անցան գործի:
Անդրանիկ Մարգարյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի շահառու, զինհաշմանդամ) - Ես եմ, իմ նման մի քանի հոգի որ կան, ավելի շատ մենք էինք ուզում, որ իրար հետ լինեինք, մեկս մեկի ցավը գիտի, մեկս մեկի, ոնց որ ասում ա, օգնության ձևը ավելի շուտ ա կողմնորոշվում, ավելի շուտ գիտի, քան թե կողքինը: Տենց միտք առաջացավ, ասացինք՝ հողատարածք ման գանք, հողատարածք գտնենք ու էդ հողատարածքի վրա սկսենք մեր տան կառուցումը:
Հող գտնելու համար զինհաշմանդամ տղաները Զինվորի տան միջոցով դիմեցին Կառավարությանը: Սպասման ամիսներն արդյունք տվեցին, նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը տարածքը նվիրաբերեց վերականգնողական կենտրոնին:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Ընդհանուր առմամբ համալիրում լինելու է տարածք 8 առանձնատան համար նախատեսված: Պայմանն այն է, որ յուրաքանչյուր շահառու այստեղ պետք է ներդնի 10 միլիոն դրամ իր տան համար: Ունենալու ենք փոքրիկ մարզասարահ, որ տղաները իրենց այն գույքը, որը տներում են տեղավորում, զուգափայտեր, այսինքն՝ ամենօրյա մարզումների համար, էսպես փոքրիկ տարածք ենք ունենալու, մարզադահլիճ, որ իրենց տներում այդ գույքը չծանրաբեռնի, և ունենալու ենք գեղեցիկ այգի՝ իր ամառային խոհանոցով, փոքրիկ միջոցառումների սրահով, այսինքն՝ փոքրիկ հիանալի թաղամաս:
Ծրագրի նախնական բյուջեն 450 միլիոն դրամ է, տևողությունը՝ չորս տարի: 80 միլիոնը ընտանիքները կներդնեն, յուրաքանչյուրը՝ 10-ական: Սա այն գումարն է, որը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից են ստացել՝ որպես առաջին կարգի հաշմանդամ: Ծախսերի մնացած մասն էլ բարերարների ֆինանսավորմամբ կարվի:
Հայկուհի Մինասյան - Քանի որ ծրագիրը նոր է հաստատվել Կառավարության կողմից, մենք այն 23 թվականին արդեն ներկաացնում ենք մեր բարերարներին և արդեն պիտի այս 4 տարիների ընթացքում ամբողջությամբ ավարտին հասցնենք: Վստահ եմ՝ կգտնենք բարերարներ, որոնք կցանկանան այս ծրագիրն մասնակցել:
Զինվորի տանը հույս ունեն՝ շինարարության մեկնարկը տալ մինչև 23-ի ավարտը: Բայց նախ նախագիծ են կազմելու, շինթույլտվություն ստանալու: Առաջին քարը քարին դնելուն անհամբեր սպասում են նաև վիրավոր զինծառայողներն ու նրանց ընտանիքները:
Անդրանիկ Մարգարյան - Կինս երևի ինձանից շատ ա սպասում: Մենք ամուսնանալուց միշտ առանձին ենք եղել, որտեղ որ ծառայել եմ ես, կինս միշտ իմ հետ ա եղել, տեղափոխումները կամ տուն փոխելը, տնից տուն գնալը, միշտ հետս ա: Ինքը ասել ա՝ որտեղ որ ես գնում եմ ծառայության, ինքը հետս գալիս ա ծառայության: Հիմա էդ ա, սպասում ենք հաջորդ մեր ծառայության տեղը:
Փոքիկ Հովիկի, Հայկի ու Եվայի համար սա Ամանորի նվեր էր՝ ասում է մայոր հայրիկը: Իսկ իր համար, բացի սեփական տունն ունենալուց, նաև հարմարեցված պայմաններում ապրելու հնարավորություն: Երևանին մոտիկ լինելն էլ առավելություններից մեկն է՝ հատկապես վերականգնողական բուժման մշտական կուրսերի կարիք ունեցողի համար:
Անդրանիկ Մարգարյան - Ես սենց եմ պատկերացնում. որ փոքրիկ թաղամաս լինի մեզ համար, որ թե՛ մտնել-դուրս գալը, թե՛ ներսում շարժվելը մեզ համար ավելի հարարվետ լինի, ավելի հաճելի լինի:
8 մեկհարկանի առանձնատներից բացի՝ տարածքում նաև առանձին կացարան է կառուցվելու: Դա էլ այն վիրավոր զինծառայողների համար, որոնք բուժման կամ ուսման նպատակով Զինվորի տուն են գալիս՝ բացատրում է կենտրոնի տնօրենը:
Հայկուհի Մինասյան - Գիտենք մենք նաև՝ վարձակալությունը ինչքան դժվար է, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար և տղաների համար, որոնք ունեն կարճաժամկետ առողջապահական ծրագրերի խնդիրներ, ենթադրենք՝ գալիս են, Երևանում վիրահատվում են, ու մեկ շաբաթվա համար իր ընտանիքի կամ ծնողների համար կարիք է լինում որևէ տեղ ապահովելու համար:
Մինասյանը չի բացառում, որ առաջին հաջողված փորձից հետո ծրագիրն ընդլայնվի: Ասում է՝ հիմնական նպատակն է՝ բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ նրանց ակտիվ կենսակերպ վարել՝ նպաստելով սոցիալական վերաինտեգրմանը: